Երկրորդ օրն է, Մոսկվայում վերջին հրաժեշտ են տալիս ծայրահեղ ազգայնական Ալեքսանդր Դուգինի դստերը, ով զոհվել էր անցած շաբաթ օրը մեքենայի պայթյունից։ Օստանկինոյի հեռուստաաշտարակ են գալիս են ոչ միայն հարազատները, այլև իշխանության ներկայացուցիչներ ու Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող գործարարներ։
Թե՛ Դուգինը, թե' նրա հանգուցյալ դուստրը ակտիվորեն պաշտպանում էին Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, և նույնիսկ հոգեհանգստյան արարողության ժամանակ ներկաները խոսել են այդ մասին։ Պատգամավոր Լեոնիդ Սլուցկին, օրինակ, ելույթում կրկնել է՝ «Մեկ երկիր, մեկ նախագահ, մեկ հաղթանակ», ինչը շատերին է նացիստական Գերմանիայի համանման կարգախոսը հիշեցրել։
Նախկինում ռուս-ուկրաինական բանակցություններին մասնակցած Սլուցկին հավելել է. - «Կիևը հակված չէ բանակցությունների, և ես, որպես մեկը, որ մասնակցել է այդ բանակցություններին, կարծում եմ, որ այս դաժան ողբերգությունից հետո այլևս բարդ կլինի դրանց վերադառնալը»։
Երեկ Ռուսաստանի Անվտանգության դաշանային ծառայությունը հայտարարել էր, թե բացահայտել է սպանությունը և պնդել, թե դրա հետևում կանգնած են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։ Ըստ պաշտոնական վարկածի, 30-ամյա Դարյա Դուգինայի մեքենան պայթեցրել է Ուկրաինայի մի քաղաքացի, ով Ռուսաստան էր եկել մեկ ամիս առաջ, ապրել նույն շենքում, հանցագործությունից հետո էլ մեկնել Էստոնիա։ Ռուս իրավապահները նաև այս մասին տեսանյութ են հրապարակել։ Կիևը, սակայն, կտրականապես հերքում է այս մեղադրանքը։
Երեկ կատարվածին արձագանքել է նաև Միացյալ Նահանգները։ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է ցանկացած բռնություն՝ մինույն ժամանակ փաստելով, որ ուկրաինական կողմը հերքում է իր մեղսակցությունը:
«Մենք դատապարտում ենք խաղաղ բնակիչների սպանությունը, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Կիևում, Բուչայում, Խարկովում, Կրամատորսկում, Մարիուպոլում կամ Մոսկվայում», - ասել է Նեդ Փրայսը։
Դարյա Դուգինայի սպանությունը շարունակում է մնալ ռուսական ինտերնետի ամենաթեժ թեման։ Հանցագործությունը մեկ ու կես օրում բացահայտելու մասին Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությանը քչերն են վստահում։
Հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին մի քանի փաստ է մատնանշում։ Օրինակ, քննիչները պնդում են, թե հանցագործը դեռ անցած ապրիլին հրապարակավ միացել է «Ազով» գումարտակին, որը Ռուսաստանում արգելված է, համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Ու չնայած դրան, քիլլերը իր օրինական անձնագրով ու իրական անուն-ազգանունով մտել է Ռուսաստանի տարածք, հետո էլ անարգել դուրս եկել։ Սրանով, սակայն, մութ հարցերի շարքը չի ավարտվում։
«Ինչո՞ւ պետք է մարդասպանը պայթուցիկը մեքենային ամրացներ փառատոնի կանգառում, որտեղ շատ մարդիկ կային, այն դեպքում, երբ նա դա կարող էր անել Դարյա Դուգինայի շենքի բակում, որտեղ, ըստ ռուսական հատուկ ծառայությունների, ապրել է մեկ ամիս։ Ես բազմաթիվ հակասություններ եմ տեսնում, որոնք հանցագործության այդչափ արագ բացահայտմանը զուգահեռ կասկածներ են հարուցում, որ իրականում ինչ-որ բան այն չէ», - ասել է Բելկովսկին։
Նա միաժամանակ պնդել է, թե սպանությունը կարող է այս կամ այն կերպ ծառայել Կրեմլի շահերին և թույլ տալ, որ Պուտինի վարչակազմը փորձի համախմբել ռուսաստանցիներին ազգայնական ու ռազմահայրենասիրական գաղափարների շուրջ։
Ինքը՝ Վլադիմիր Պուտինը, սպանությունից երկու օր անց Դարյա Դուգինային հետմահու պարգատրել է՝ Արիության համար շքանշանով։ Վերջինիս հոգեհանգստին, սակայն, Վլադիմիր Վլադիմիրովիչը ներկա չէր։