ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր Օդեսայում ասել է, թե դեռ շատ անելիք կա Ուկրաինայից պարենը և Ռուսաստանից պարարտանյութը համաշխարհային շուկաներ հասցնելու համար:
Այդ արտադրանքի փոխադրումը հնարավոր է դարձել, երբ Ռուսաստանը և Ուկրաինան՝ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ, հուլիսի 22-ին Ստամբուլում համաձայնագիր են կնքել:
Ռուսների կողմից արգելափակված ուկրաինական սևծովյան նավահանգիստներում պահեստավորված են պարենի միլիոնավոր տոննաներ: Ռուսաստանը նույնպես այդ համաձայնագրով կարող է արտահանել պարեն և պարարտանյութեր, քանի որ դրանք ներառված չեն պատժամիջոցների ցանկում:
«Դա համաձայնություն է, որը կնքել են միմյանց դեմ դաժան հակամարտության մեջ ներքաշված կողմեր: Դա իր ծավալով ու նշանակությամբ աննախադեպ է: Բայց դեռ շատ անելիք կա: Ուկրաինայից և Ռուսաստանից պարենի և պարարտանյութի արտահանման ավելացումը կարևոր է միջազգային շուկաները կայունացնելու և գներն իջեցնելու համար» ,- ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Օդեսայում էլ է խոսել Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության մասին, ասելով, թե անհրաժեշտ է ապառազմականացնել ԱԷԿ-ի շուրջ ամբողջ տարածքը: