TRT թուրքական հեռուստակայանի փոխանցմամբ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե ցանկանում է ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության հարցը:
«Ուկրաինայի նախագահը մեզ խնդրել է, որ Ռուսաստանն ականազերծի ԱԷԿ-ի շուրջ ամբողջ տարածքը և դա անի հնարավորինս արագ, քանի որ վիճակը շատ վտանգավոր է: Երբ ես Լվովում ասել էի, թե «մենք երկրորդ Չեռնոբիլ չենք ուզում», ես հենց դա նկատի ունեի: Ես մտադիր եմ այս հարցը քննարկել հարգարժան պարոն Պուտինի հետ: Ռուսաստանը պետք է անի այդ կարևոր քայլը հանուն խաղաղության», - հայտարարել է Էրդողանն իր հետ Լվովից տուն վերադարձող լրագրողներին:
Նախօրեին Լվովում բանակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: