Մատչելիության հղումներ

Էրդողան. «Ռուս-ուկրաինական պատերազմը պետք է կարգավորվի դիվանագիտական եղանակով»


Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վլադիմիր Զելենսկին և Անտոնիո Գուտերեշը, Լվով, 18 օգոստոսի, 2022թ.
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վլադիմիր Զելենսկին և Անտոնիո Գուտերեշը, Լվով, 18 օգոստոսի, 2022թ.

Լվովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հանդիպման ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը:

Ըստ Էրդողանի, քննարկվել է հացահատիկի փոխադրման շուրջ համաձայնության կայացումից հետո ստեղծված դրական մթնոլորտը պատերազմի դադարեցմանը ծառայեցնելու հնարավորությունը:

«Մեր եռակողմ հանդիպման հիմնական թեման այս պատերազմի հնարավոր ավարտն է»,- ասել է Էրդողանը:

CNN Turk հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն, Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Ուկրաինան և Ռուսաստանը՝ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ, կնքել են համաձայնություն, որով այժմ իրականացվում է պարենի փոխադրումը ռուսների կողմից պաշարված ուկրաինական նավահանգիստներից:

«Մենք խոսել ենք այն աշխատանքի մասին, որն անհրաժեշտ է կատարել ստամբուլյան համաձայնությունն ամուր խաղաղության վերածելու համար: Ես ընդգծել եմ, որ միջազգային համայնքը պարտավոր է մեծ ջանքեր գործադրել և արագացնել դիվանագիտական գործընթացը»,- Լվովում ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

XS
SM
MD
LG