Վրաստանի իշխանությունները երկրի ավելի քան 1 միլիոն 400 հազար քաղաքացիների (բնակչության գրեթե 40 տոկոս) անունները ներառել են հատուկ սև ցուցակում։ Դրանում ընդգրկված անձանց արգելվում է շահումով խաղերի մասնակցել, ինչպես նաև օգտվել օնլայն կազինոների ծառայություններից։
Սև ցուցակի ստեղծումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ այս տարվա գարնանը ուժի մեջ մտավ «Շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման մասին» նոր օրենքը, որի նպատակն էր սահմանափակել խաղային բիզնեսի գործունեությունը երկրի տարածքում։
Օրենքի համաձայն` Վրաստանի ցանկացած բնակիչ կարող է այս ցանկում ընդգրկվել նաև կամավոր հիմունքներով։ Սև ցուցակում մարդը կարող է ներառվել նաև ընտանիքի անդամների հայտի հիման վրա։
«Դրա համար, սակայն, դատարանի որոշում է անհրաժեշտ», - հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։