ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարչակազմը հայտնել է, որ Անտոնիու Գուտերեշը ծրագրում է վաղն այցելել Լվով՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Գլխավոր քարտուղարը հինգշաբթի օրը կայցելի Լվով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով, մասնակցելու եռակողմ հանդիպմանը, որին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Հանդիպումից հետո Գուտերեշը կայցելի Օդեսա՝ այն նավահանգիստներից մեկը, որտեղից մեկնում են ուկրաինական հացահատիկով նավերը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ ՄԱԿ-ի համաձայնագրով։ Թուրքիան որպես միջնորդ է հանդես եկել այս համաձայնագրերի ստորագրման հարցում։
Օդեսայից հետո Գուտերեշը կմեկնի Ստամբուլ, որտեղ կայցելի Համատեղ համակարգման կենտրոն։