ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանն ու Իջևան քաղաքի ևս մեկ բնակիչ՝ Արմեն Քամալյանը, կալանավորվել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 83-ամյա հորն առևանգելու համար։
Իրավապահներն անցած շաբաթ հաղորդել էին, որ մի խումբ դիմակավորված անձինք Աչաջուր գյուղում բնակվող Գրիշա Քոքոբելյանին իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենա, փակել աչքերը և դուրս բերել գյուղից: Հետո նրան տեղափոխել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ և այդտեղ 5 օր հսկողության տակ պահել բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը:
Այդ ընթացքում «անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել»։ Որոշակի գումար ստանալուց հետո միայն ավագ Քոքոբելյանին «աչքերը փակ տեղափոխել են դեպի Իջևան, իջեցրել ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա և հեռացել», որից հետո հեռախոսով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը։ Նույն օրը հարազատները նրան հայտնաբերել են անտառային այդ տարածքում։
Ոչ իրավապահները, ոչ էլ Քոքոբելյանները չեն հայտնում՝ որքան գումար են պահանջել ենթադրյալ առևանգողները։ Այսօր Քննչական կոմիտեն ավտոճանապարհներին տեղադրված տեսախցիկների ֆիքսած կադրեր է հրապարակել, որտեղ երևում են ենթադրյալ հանցակիցներն ու մեղադրանքում նշված ավտոմեքենաները։
Անցած շաբաթ առևանգման համար մեղադրվողների ձերբակալվելուց հետո Դաշնակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ դատապարտելով տեղի ունեցածը՝ հերքել էր իրենց անդամների, մասնավորապես նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի առնչությունն այս դեպքին և նրա ձերբակալությունը համարել քաղաքական հետապնդում։