Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն հերքում է Մանուկյանի առնչությունը Քոքոբելյանի հոր առևանգմանը` նրա ձերբակալությունը քաղաքական որակելով


Լուսանկարում ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը
Լուսանկարում ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը

Իսկական մարտաֆիլմ է հիշեցնում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 83-ամյա հորն առևանգելու և 5 օր անց գումարի դիմաց նրան ազատ արձակելու պատմությունը, որի մասին երեկ հաղորդագրություն են տարածել Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն։

Ըստ իրավապահների` մի խումբ դիմակավորված անձինք Աչաջուր գյուղում բնակվող Գրիշա Քոքոբելյանին իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենա, փակել աչքերը և դուրս բերել գյուղից: Հետո նրան տեղափոխել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ և այդտեղ 5 օր հսկողության տակ պահել բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը: Այդ ընթացքում «անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել»։ Որոշակի գումար ստանալուց հետո միայն ավագ Քոքոբելյանին «աչքերը փակ տեղափոխել են դեպի Իջևան, իջեցրել ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա և հեռացել», որից հետո հեռախոսով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը։ Նույն օրը հարազատները նրան հայտնաբերել են անտառային այդ տարածքում։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հոր առևանգման մեղադրանքով ձերբակալված անձանց անուններ էր հրապարակել. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը ու ևս երկու հանցակից։ Նույն գործով երկու այլ ձերբակալված կա նաև արտերկրում: Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել: Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատականն այս անմարդկային արարքի վերաբերյալ»:

Ավելի վաղ Խաչատուր Քոքոբելյանը հայտնել էր, թե հայրը, որ անհետ կորել էր, գտնվել է, ողջ և առողջ է։

«Դաշնակցությունը», դատապարտելով տեղի ունեցածը, հերքել է իրենց անդամների, մասնավորապես, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի առնչությունն այս դեպքին և նրա ձերբակալությունը համարել քաղաքական հետապնդում։ Կուսակցության պաշտոնական հայտարարության մեջ նշված է. «Իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել է՝ անձի առևանգման կասկածանքով։ Սուրեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները, ֆիզիկական խոշտանգումները, առանց հիմքի բնակարանի խուզարկումը, վարկաբեկման փորձերը սկիզբ են առել դեռևս ամիսներ առաջ»։

ՀՅԴ-ն իրավապահների գործելաոճը համեմատել է 90-ականներին իրենց նկատմամբ տարված քաղաքականության հետ, երբ, ըստ իրենց, «դաշնակցականների նկատմամբ շինծու քրեական գործեր էին հարուցվում»։

«Վստահ ենք, որ դրանք դատապարտված են ձախողման», - ասված է կուսակցության պաշտոնական հայտարարության մեջ։

Քոքոբելյանների անունը հաճախ էր հրապարակվում վերջին մեկ ամսում, երբ հայտնի դարձավ, որ նրանք գնել են Վանաձորի նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանին ու նրա եղբորը պատկանող ՀԷԿ-ը։

Ավելի քան 10 տարի առաջ Լոռու մարզի Մարց գետի վրա կառուցված ՀԷԿ-ի սեփականատերերի փոխվելուց հետո տնօրեն էր նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։ Մեկ տարի առաջ Քոքոբելյաններինը դարձած ՀԷԿ-ից վերև` նույն գետի վրա գործում է «Այուդա Լոս» ընկերությանը պատկանող մեկ այլ հիդրոկայան, որի սեփականատերերը Դաշնակցության հայաստանցի և Սփյուռքի անդամներ են, մասնավորապես, Հրանտ Մարգարյանը, Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանի որդին, Մարկրիտ Մղտեսեանը, Հրայր Սողոմոնյանը ու ևս մի քանի անձինք։

XS
SM
MD
LG