«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից մահացած կնոջ դի է հայտնաբերվել` այրվածքներով, լրագրողներին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նա ասաց, որ մինչ ուշ գիշեր տեղում աշխատանքները շարունակվելու են:
«Փլատակների տակից ընդհանուր առմամբ, որ կարողացել են այս շրջանում օգնություն ցուցաբերել և հանել, մինչև տասը քաղաքացի, և ունենք ներկա պահին 20 ահազանգ, որտեղ քաղաքացիները փնտրում են իրենց հարազատներին, այսինքն` ենթադրվում է, որ նաև առնվազն 20 հոգու պետք է մենք որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնենք», - տեղեկացրեց Արմեն Փամբուխչյանը:
Նախարարի խոսքով` այս պահին հնարավորինս հաջողվել է հրդեհը մարել, և «հրդեհի մասով վտանգ չկա»: «Բայց քանի որ պայթուցիկ նյութերի հետ գործ ունենք, մենք հնարավորինս զերծ ենք մնում ամբողջական մարում հայտարարել, քանի որ վտանգ կարող է լինել, որ ևս ինչ-որ պայթուցիկ նյութեր մնացած լինեն», - հավելեց նա:
Այսօր կեսօրն անց ԱԻՆ-ը հայտնեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել` հրդեհի բռնկմամբ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ: Այս պահի դրությամբ հայտնի է արդեն երկու զոհի և 57 տուժածի մասին: