Մադրիդի «Ռեալը» նախօրեին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում 2-0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և վաստակել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
«Ռեալը» հինգերորդ անգամ է հաղթել այդ մրցույթում և միացել է հնգական Սուպերգավաթ վաստակած «Միլանին» ու «Բարսելոնային»:
«Ռեալի» կազմում գոլերը խփել են Դավիդ Ալաբան և Քարիմ Բենզեման: «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտին դարձել է առաջին մարզիչը, ով չորս անգամ է շահել այդ գավաթը:
«Խաղն ավելի բարդ էր, քան մենք էինք ակնկալում, բայց առաջին գոլից հետո մենք սկսեցինք ավելի լավ հսկել վիճակը: Մենք լավ պաշտպանություն ունենք, և դա ուրախացնում է: Վերջին երեք եզրափակիչներում գոլ չենք բաց թողել, և դա շատ լավ նշան է»,- ասել է Անչելոտին:
«Ռեալը» շահել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը և վաստակել Սուպերգավաթի համար պայքարելու իրավունք: «Այնտրախտն» այն ստացել է որպես Եվրոպայի լիգայի գավաթակիր: