Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հաղորդվում է, որ նախորդ օրը նա զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այս մասին Հայաստանի կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Ըստ հաղորդագրության՝ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ՝ նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման կարևորությունը։
Նա հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը։
Ըստ ադրբեջանական կողմի, Ալիևն ասել է, որ «հերթական ռազմական սադրանքն է իրականացվել Հայաստանի կողմից, և այդ սադրանքի արդյունքում, որը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, ադրբեջանցի զինծառայող է զոհվել»։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը «կանխել են այս սադրանքը, ձեռնարկել են անհրաժեշտ պատասխան միջոցներ», և հայտարարել, որ «Հայաստանն ամբողջությամբ կրում է կատարվածի պատասխանատվությունը»։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ «անհրաժեշտ է ապահովել Հայաստանի զինված ուժերի և հայկական անօրինական զորամիավորումների դուրսբերումը երկրի տարածքից, որոնք շարունակում են գտնվել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում։ Բայց դա դեռ չի ապահովվում Հայաստանի կողմից։ Ինչն իր հերթին պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթների խախտում է և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարել»։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ եռակողմ հայտարարության դրույթների համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունից հետո որոշվել է Լաչինի միջանցքին այլընտրանքային նոր ճանապարհի երթուղին, և այդ ճանապարհի կառուցումը Ադրբեջանի կողմից մոտենում է ավարտին: Այդ աշխատանքների ավարտից հետո, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, նախատեսվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերատեղակայում նշված ճանապարհին», - նաև ասել է Ադրբեջանի նախագահը։