Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Օձունի համայնքապետը


Այսօր ձերբակալվել է Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը՝ ունեցվածքի մասին հայտարարագրերում տվյալներ թաքցնելու կասկածանքով։

Դատախազությունից հաստատեցին լուրը, նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեն է քննում գործը։ Իրավապահ մարմիններն այլ մանրամասներ չեն հայտնում։

Անցած տարի` ԱԺ ընտրություններից հետո, Արսեն Տիտանյանը հայտարարել էր, թե Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իրենից պահանջել է հրաժարականի դիմում գրել, և որ մերժում ստանալուց հետո մարզպետի ենթականերն իրեն ծեծել են։ Այս մասով քրեական գործ հարուցվեց, սակայն երեք ամիս անց կասեցվեց՝ ապացույցների բացակայության հիմքով։

Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ մարզպետարանի միջանցքում տեղադրված տեսախցիկները չեն գործում, միջադեպի մասին որևէ բան չեն արձանագրել։ Բոլոր վկաներն էլ հերքել էին համայնքապետի պնդումները իրեն ծեծելու մասին։ Այս պարագայում իրավապահները համարել էին, որ գործը բացահայտելու համար ապացույցներ ձեռքբերելու հնարավորություն չկա, և այն կասեցնելու որոշում էին կայացրել։

Դրանից հետո Տիտանյանը ներգրավվել էր մեկ այլ քրեական գործում։ Հակակոռուպցիոն կոմիտեն խախտումներ էր հայտնաբերել Օձունի համայնքապետարանում։ Համայնքների խոշորացման մասին ԱԺ ընդունած նոր օրենքով աշնանը կմիավորվեն Օձուն, Ալավերդի և Ախթալա համայնքները, տեղի կունենան նոր ընտրություններ։ Արսեն Տիտանյանը հանրապետական է։ ԱԺ ընտրություններին սատարում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմին։

XS
SM
MD
LG