Մատչելիության հղումներ

Չնայած գազաբալոնների ստուգում անցկացնող ընկերությունների թիվը ևս 3-ով ավելացավ, բայց գործող կայանների դիմաց հերթեր են


Այսօր Հայաստանում գազաբալոնների ստուգում անցկացնող ընկերությունների թիվը ևս երեքով ավելացավ, բայց գործող 30 կայանների դիմաց էլի հարյուրավոր մեքենաների հերթեր են։

Լիցենզավորված ընկերությունները հիմնականում Երևանում ու հարակից բնակավայրերում են։ Բացի Շիրակի մարզից, որտեղ 5 կայան կա, իսկ Գեղարքունիքում՝ երկուսը, մյուս մարզերում մեկական ընկերություններ են գազաբալոնների վկայագրեր տրամադրում։ Արագածոտնի մարզում առհասարակ նման կայան չի բացվել։ Դրանից էլ առաջացել են ծառայության գների ահռելի տարբերությունները։

Գյումրիում, որտեղ համեմատաբար շատ են կայանները, 9000 դրամ արժե, Սպիտակում՝ գրեթե կրկնակի թանկ է։ Կառավարությունից ասում են՝ գազաբալոնների վկայագրմամբ զբաղվում են մասնավոր ընկերությունները և իրենք գնային քաղաքականության վրա ազդելու որևէ լծակ չունեն։

«Տարբեր տեղեր տարբեր գներ են, բայց դրանք սահմանում է մասնավոր ընկերությունը, նախարարությունը գնային քաղաքականության վրա ազդելու որևէ հնարավորություն չունի», - հայտնեցին կառավարությունից:

Հատկապես գյուղական բնակավայրերի բնակիչները մտահոգ են՝ օրերով ստիպված են թողնել գործերն ու տասնյակ կիլոմետրերի ճանապարհ կտրել օրենքի պահանջը կատարելու համար։ Լոռիում, որ Սպիտակ քաղաքում է տեղակայված միակ կայանը, անգամ գրանցվելու համար են երկար հերթեր գոյացել։ Ալավերդցի տաքսիստ Գառնիկ Մեջլումյանն ասում է՝ երեք օր ստիպված է եղել 160 կմ ճանապարհ անցնել, գնալ-գալ ու այդպես էլ հնարավոր չի եղել անգամ հերթագրվել։

«Եկամտից ես ընկնում, աշխատանքից ես ընկնում, ժամանակդ ես կորցնում գնում հասնում Սպիտակ», - ասաց Մեջլումյանը:

Ապարանցի Սամվել Մամոյանը Սպիտակ էր եկել հերթագրվելու։ Նա ևս երեք օր կտրվել էր գործից։ Իրենից առաջ 287 գրանցված վարորդ կար։

Երեկ ստեղծված իրավիճակից դժգոհ վարորդները փակել էին Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը։ Անակնկալ կերպով նրանց փակած ճանապարհով անցնում էր արձակուրդի մեջ գտնվող վարչապետը։ Եկավ, հանդիպեց վարորդներին ու տեղից հանձնարարականներ տվեց տարածքային կառավարման նախարարին՝ հեշտացնելու հերթագրումը ստուգում անցնելու համար։ Ասաց՝ այս պահից հեռավար հերթագրվելու հնարավորություն կա։ Կարող եք գրանցվել՝ առանց տվյալ կայան հասնելու, վստահեցրեց երկրի ղեկավարը։

«Հիմա դրա համար բացվել է էլեկտրոնային հարթակ, որ գնում եք էդ տեղը, ենթադրենք 100 հատ մեքենա կա, հերթագրվում եք, էդ հերթագրվելու հանգամանքով արդեն ազատ ձեր գործը շարունակում եք, մինչև ձեր հերթը կգա», - ասաց Փաշինյանը:

Մինչդեռ օնլայն հարթակում գրանցվելու հնարավորություն վարորդներն այսօր էլ չունեն։ Նախարարությունն ընդամենը իր կայքէջում տեղադրել է բոլոր 30 կայանների հեռախոսահամարները, որոնցով կարող են զանգել վարորդներն ու իրենց ցանկացած ընկերությունում հերթագրվել։

Այսօր, սակայն, նախարարության կայքում նշված ընկերություններից շատ քչերն ասացին, որ հեռախոսով գրանցում են։ Հիմնականում հրապարակված հեռախոսահամարներով կա՛մ հնարավոր չեղավ կապվել, կա՛մ պատասխանում էին, որ հեռավար չեն գրանցում։

Ինչո՞ւ դեռ կես տարի առաջ ընդունված օրենքը կիրառելու համար ավելի վաղ միջոցներ չեն ձեռնարկվել, որպեսզի գործընթացն առանց դժվարությունների անցնի։ Նախարարությունից ասում են՝ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնք հնարավոր է եղել լուծել միայն օրենքը ուժի մեջ մտնելուն զուգահեռ. - «Համակարգը պատրաստվում էր մասնավոր ընկերության կողմից, մրցույթ էր հայտարարված, և հաշվի առնելով որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք այդ համակարգը մշակելու ընթացքում ի հայտ են եկել, համակարգը պատրաստ եղավ վերջին օրերին, որը համընկավ օրենքի ուժի մեջ մտնելուն: Պետք է նշել, որ բավականին մեծ ռեֆորմ է և պարզ էր, որ ամբողջությամբ հարթ չէր կարող ընթանալ: Կարող են լինել 1-2 խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում արագ լուծում են ստանում»:

Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատությանն» ասացին, որ ահազանգեր են ստացել հերթագրման համար լիցենզավորված կազմակերպությունների կողմից գումար պահանջելու կամ առանց բալոններն ստուգելու վկայագրեր տրամադրելու դեպքերի մասին։ Վստահեցնում են՝ խիստ հսկողություն են սահմանել նման դեպքերը բացառելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG