Բեռնատար ունեցող գյուղացիներն առավոտյան փակել էին Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը։ Ցորենը դաշտում է մնացել ու գազալցակայաններում հրաժարվում են լիցքավորել իրենց մեքենաները, թե գազաբալոններն ստուգված լինելու մասին վկայագիր չունեք։
«Էստեղ անվտանգության խնդիրը չի գնում, մենք վաղուց համոզվել ենք, որ ոչ մեկ մեր ժողովրդի անվտանգության համար չի մտածում, դա ժողովրդին տուպիկ տալու ձև ա, մեկը բալոն ա ներկրել, էդ բալոնները պիտի փոխեն: Ոչ մեկը չի հարցնում՝ խոտը դաշտում ա մնացել», - ասաց հավաքվածներից մեկը:
Գյուղացիներն ասում են, որ բեռնատարների վրա երեք և ավելի գազաբալոն են տեղադրում, որոնք հիմնականում հին արտադրության են։ Հիմա՝ հունձի սեզոնին մինչև կես միլիոն դրամի ծախսի տակ են ընկնում բոլոր այդ բալոնները փոխելու համար։ Ավելին, լիցենզավորման կայաններում հրաժարվում են նույնիսկ ստուգել՝ իրենց արդեն ժամկետանց բալոնները կիրառելի՞ են, թե՞ ոչ։
«Այստեղ ինչքան մեծ մեքենա կա, ոչ մեկի բալոնը չեն ստուգում, ասում են՝ պիտի խոտանվի, որ խոտանեցինք 400 հազար դրամ ա, որ մեկն ա ի վիճակի, որ էդ փողը մուծի ու նոր բալոն դնի», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Այս տարվա փետրվարին ընդունված օրենքով այսօրվանից ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվում, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից։ Վարորդները դժգոհում են լիցենզավորման կայանների երկար հերթերից։
Լոռու մարզի միակ կայանը Սպիտակ քաղաքում է։ Ամբողջ մարզի գազով լիցքավորվող մեքենաներն ստիպված են այս միակ կայանում ստուգում անցնել կամ ավելի հեռու գնալ։ Ընդ որում, դրանից օգտվելով կայանները բարձրացնում են գները։ Վարորդներն օրինակ են բերում՝ Գյումրիում գազաբալոն ստուգելն արժե 9000 դրամ, Սպիտակում՝ գրեթե կրկնակի թանկ։
«Տվյալ պահին մարդիկ մինչև դեկտեմբերի քանիսը գրանցման մեջ են, հերթի մեջ», - նշեց հավաքվածներից մեկը:
Քիչ անց բողոքի դուրս եկած գյուղացիները լուր ստացան, որ արձակուրդի մեջ գտնվող վարչապետ Փաշինյանն անցնելու է իրենց փակած ճանապարհով։ Համաձայնեցին բացել այն՝ պայմանով, որ երկրի ղեկավարը հանդիպի իրենց, անձամբ լսի դժգոհություններն ու լուծում տա դրանց։ Վարչապետը եկավ, լսեց ու հենց տեղից զանգեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին։ Ու թեև օրենքն արգելում է, հանձնարարեց՝ ժամկետանց գազաբալոնները թույլատրել ստուգում անցկացնել, եթե դրանք ի վիճակի են շահագործման, վկայագիր տալ։ Փաշինյանը խոստացավ միջոցներ ձեռնարկել ավելացնելու լիցենզավորման կայաններն ու հնարավորություն ստեղծել օնլայն հարթակում հերթագրվել ու սպասել հերթի։ Այդ ընթացքում վարորդները մեքենաները գազով լիցքավորելու հնարավորություն կունենան:
Վարչապետը նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ զարմացավ, որ մինչև հիմա օնլայն գրանցվելու հնարավորություն չկա, և վարորդներն ստիպված են հերթագրվելու համար հասնել իրենցից բավականաչափ հեռու գտնվող կայաններ։
«Էլեկտրոնայինի ամբողջ իմաստն այն է, որ որտեղից ուզում է, թող մտնի հերթագրվի: Ապահովեք, թող մարդիկ առանց ֆիզիկապես գնալու հերթագրվեն, էլեկտրոնային շտեմարաններում իրանց տվյալները լինի, գնան լիցքավորվեն իրենց գործ անեն, մինչև իրանց հերթը կգա», - ասաց վարչապետը:
Վարչապետի հեռանալուց հետո գյուղացիներն սկսեցին քննարկել՝ ի՞նչ է օնլայն հարթակում գրանցվելը, ո՞ւմ է դա հասանելի։ Պարզվեց՝ որևէ մեկը չգիտի՝ ինչպես են դա անում։ Ավելին՝ շատերի հեռախոսները նման հնարավորություն չունեին։