Մատչելիության հղումներ

Հադրութցիները նորից բողոքի ակցիայի էին դուրս եկել Երևանում


Հադրութցիների բողոքի ակցիան, Երևան, 28-ը հուլիսի, 2022թ.
Հադրութցիների բողոքի ակցիան, Երևան, 28-ը հուլիսի, 2022թ.

Արցախի կարգավիճակ, փախստականի կարգավիճակ, բնակարանների հարց և սոցիալական հարցեր. այս 4 պահանջը արդեն գրեթե 2 տարի շարունակ հադրութցիները ներկայացնում են Հայաստանի և Արցախի իշխանություններին։

Պատերազմից հետո տնից, աշխատանքից, ամեն ինչից զրկված մարդիկ այսօր նորից Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի էին դուրս եկել. ասում են՝ ո՞րն էր իրենց մեղքը, որ պատերազմի հետևանքով Հադրութն ընկավ, ո՞ւր պետք է գնան, ո՞ւմ պետք է դիմեն, որ ի վերջո ստանան մի պարզ հարցի պատասխան՝ ինչպե՞ս ապրել։

«Մեր Հադրութը հետ տան՝ սաղով հելնում ենք գնում ենք մեր տները: Փլված ա, ջարդած ա, ինչ ա՝ մեր պադվալներում, մեր, չգիտեմ, հավի բներում էլ կմնանք՝ մերը մեզի տան: Չե՞ն տալի՝ թող մեզի ստեղ տուն տան», - «Ազատության» հետ զրույցում ասաց հադրութցի Էսմիրա Ավանեսյանը:

Ավանեսյանը մեծ ընտանիքով՝ 5 անչափահաս երեխաների հետ, վարձով ապրում է Աբովյան քաղաքում։ 90 հազար դրամ միայն տան վարձն է, թոշակով ու օրվա աշխատանքից ստացած գումարով էլ փորձում են ապրել։

«Բայց ո՞վ ա մեզի էդ փողը տալի, որ ես տամ տանտերին, կա՞՝ չկա: Էրկու տարի ա՝ մենք էդ հարցը դրած ենք, էդ հարցը պահանջում ենք, բայց մեզի ոչ մեկը ո՛չ լսում ա, ո՛չ բան, այ սհենց գնում-գալիս ենք, խոսում ենք: Հադրութեցոց բանը էն ա, որ շատ կուլտուրնի ժողովուրդ ենք մենք, դրա համար սհենց ա», - նշեց Էսմիրա Ավանեսյանը:

«Իրենց համար նստած՝ իրենց համար են մտածում, ոչ մի բան էլ չեն մտածում ժողովրդի համար, ոչ մի բան: Էդքան ժողովուրդը ոնց կապրեն, ոնց չեն ապրի... Սկի ժողովրդի տեղն էլ չգիտեն», - ասաց Արմեն Հովսեփյանը:

Արցախում ոստիկան աշխատած Հովսեփյանն արդեն չորրորդ վարձով տունն է փոխում, գործ չի կարողանում գտնել, որ ժամանակին վարձը տա. - «Հիմա մեզ ընդեղիցը հանել են ոստիկանությունում, ասում ա տեղ չկա, ամեն ձևի խաբեցին մեզի, հանեցին: Երկու տարի ա մնացել, որ անցնեմ թոշակի, մեզ խաբեցին, հանեցին, վսյո: «Էսօր, էգուց կվերցնենք», չվերցրեցին: Մինչև հիմա համ ընդեղ են խաբում, համ ստեղ՝ էս իշխանությունն է մեզ խաբում»:

Նախկին զինվորական Վիկտոր Բուդաղյանի հույսն էլ թոշակն ու որդին են. - «Աշխատանք չկա, 60-ից բարձր ես, 50-ից բարձր ես՝ աշխատանք չկա, տենց էլ ասում են: Ո՞նց ենք ապրում՝ ես թոշակ եմ ստանում զինվորականի, տղաս ա Ռուսաստանից օգնում»:

Մեկ այլ հադրութցի՝ Վլադիկ Ավանեսյանն էլ ապրում է Քանաքեռի գիշերօթիկում՝ ընտանիքի հետ։ Մեկ անգամ արդեն ասել են՝ «այստեղ երկար մնալ չեք կարող, ի վերջո պետական կառույց է, դպրոց է»։ Միայն Աշխատանքի և սոցիալական նախարարության միջամտությունից հետո են մի փոքր ժամանակ շահել. - «Հլա մնացեք», - ասում են»:

«Ազատության» հետ զրույցում տեղահանված մարդիկ ասում էին՝ պատրաստ են մեկնել Արցախ, բայց այնտեղ էլ չեն կարողանում, նախ, տուն գտնել, մեկ այլ մտավախություն էլ ունեն՝ արդեն իսկ մեկ անգամ իրենց բնակավայրերից զրկված հադրութցիներին անվտանգության հետ կապված հարցերն են անհանգստացնում.

«Դե եթե Արցախը Ադրբեջանի կազմում չմնա, հա, կվերադառնանք... »:

«Գնացեք Արցախ», Արցախ ես գնամ ո՞րտեղ ապրեմ, կարա՞ս ինձի ասես, Արցախում տուն կա՞...»:

«Գնանք Արցախ՝ ո՞րտեղ մնանք, տուն կա՞, որ գնանք մնանք, տուն ե՞ն սարքել, որ տան, ելի-ելի [ռուսերեն՝ մի կերպ] ստե ապրում ենք...»:

Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Արտգործնախարարություն։ Ի տարբերություն Կառավարության՝ այստեղ նրանց ընդունեցին։ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայիրյանն ասաց՝ խոստացան մի օր էլ հանդիպում կազմակերպել արտգործնախարարի հետ։

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության ղեկավար Լևոն Հայիրյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 28-ը հուլիսի, 2022թ.
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության ղեկավար Լևոն Հայիրյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 28-ը հուլիսի, 2022թ.

«Դե էնպես չի, որ հուսավառեց, որովհետև էդպիսի զրույցներ ամեն տեղ ունենում ենք, սպասում ենք, էլի: Բայց դե էնպես էլ չի, որ առանց դրա հնարավոր ա: Հիմա մենք ամեն տեղ հանդիպում ենք, հանդիպում ենք, ամեն տեղ մեր բառը ասում ենք, պահանջում ենք, տեսնենք», - «Ազատությանը» ասաց Հայիրյանը:

Այլևս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութը նախքան պատերազմը շուրջ 3 հազար բնակիչ է ունեցել։ 44-օրյա պատերազմից հետո Արցախից մոտ 20 հազար մարդ է տեղափոխվել Հայաստան, որից 5 հազարը շարունակում է դեռ այստեղ ապրել։

XS
SM
MD
LG