Մատչելիության հղումներ

Վահագն Հովակիմյանը չի հերքում՝ ինքն է ԿԸՀ նախագահի իշխանության թեկնածուն


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, արխիվ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, արխիվ

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական փոխնախագահ Վահագն Հովակիմյանը չի հերքում, որ հենց ինքն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի՝ իշխանության թեկնածուն։

Լրատվամիջոցները գրում են, թե այս հոկտեմբերին պաշտոնին հրաժեշտ տվող՝ ԿԸՀ-ն ավելի քան տասը տարի գլխավորած Տիգրան Մուկուչյանին խորհրդարանն իր քվեարկությամբ փոխարինելու է Հովակիմյանով։

Վերջինս «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ իշխող խմբակցության իրավասությունն է՝ ում առաջադրել ԿԸՀ նախագահի պաշտոնին։

«Որոշումները կայացնում է խմբակցությունը, խմբակցությունը երբ որոշում կկայացնի, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի», - այսպես պատասխանեց Հովակիմյանը հարցին՝ անձնապես հակվա՞ծ է արդյոք ստանձնելու այդ պաշտոնը:

Խմբակցությունում իր թեկնածության քննարկման վերաբերյալ հարցին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը պատասխանեց. - «Խնդրում եմ՝ խմբակցությունում քննարկվող թեմաների, որոշումների վերաբերյալ դիմեք խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին»:

«Մեր օրենսդրությամբ ԿԸՀ նախագահի և անդամների թեկնածությունները առաջադրում են խմբակցությունները, և ոլորտային հանձնաժողովն էլ եզրակացություն է տալիս՝ հաստատում կամ մերժում է», - նշեց Հովակիմյանը՝ շարունակելով. - «Զուտ օրենսդրությամբ պայմանավորված՝ ասեմ, որ [ԿԸՀ նախագահի պաշտոնում] առաջադրումները հուլիսի 11-ից հուլիսի 25-ն են՝ առաջին էտապը: Խմբակցությունը դեռևս որևէ թեկնածու չի առաջադրել, որովհետև եթե առաջադրեր, այդ մասին կհայտարարեր»:

Վահագն Հովակիմյանը տևական ժամանակ՝ գրեթե քսան տարի աշխատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նախ, «Հայկական ժամանակ» պարբերականում, երբ Փաշինյանը թերթի գլխավոր խմբագիրն էր, այնուհետև՝ խորհրդարանում՝ որպես պատգամավոր Փաշինյանի օգնական, որից հետո՝ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ։ 2019 թվականից Ազգային ժողովի պատգամավոր է։

Եթե նշանակումը իրականություն դառնա, ապա պատճառը լինելու է Հովակիմյանի անձնական նվիրվածությունը Փաշինյանին. Լիլիթ Գալստյան

Վարչապետի հրաժարականը պահանջող ու Ազգային ժողովի աշխատանքը մի քանի ամիս բոյկոտող ընդդիմությունում համոզված են՝ իշխանական պատգամավորի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավորելը, մեղմ ասած, կասկածի տակ է դնելու Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացում կարևոր այդ կառույցի անաչառությունը։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «Ազատությանը» փոխանցեց՝ եթե ԿԸՀ նախագահի պաշտոնում Հովակիմյանի նշանակումը իրականություն դառնա, ապա պատճառը լինելու է նրա անձնական նվիրվածությունը Փաշինյանին։

«Ծանոթ լինելով քաղաքական մեծամասնության՝ այսինքն, ՔՊ-ի քաղաքական ձեռագրին, արդեն 4 տարի շարունակ Հայաստանում վարվող քաղաքական վարքագծին, նաև ընտրական գործընթացների վրա ունեցած իրենց անհերքելի վարքագծին, ճիշտն ասած, չեմ ուզենա անձնական գնահատականներ տալ Վահագն Հովակիմյանին, բայց նրա սահմանադրական փոփոխությունների ջատագովությունը, ըստ էության, սահմանադրական նորմերի խախտումով, այդ վարքագիծը, ես խորապես համոզված եմ, որ սա հերթական քաղաքական նշանակումն է, որը չի բխում Հայաստանում ոչ ժողովրդավարության շահերից, ոչ էլ պառակտված հասարակություն, հանրային համախոհություն և ներդաշնակություն բերելուն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Գալստյանը հավելեց, որ խմբակցությունում դեռ չեն քննարկել ԿԸՀ նոր նախագահի առաջիկա ընտրությունը, սակայն, վստահաբար, անդրադառնալու են այդ հարցին։

XS
SM
MD
LG