Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի կալանքից


Այսօր երեկոյան 9-ին ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի կալանքից։ Այս մասին լրագրողներին հայտնեցին նրա փաստաբանները, որոնք երեկ ուսանողներին փողով ընդդիմադիրների ցույցերին տանելու փորձի գործով կայացած առաջին դատական նիստին լքել էին նիստերի դահլիճը, ինչի պատճառով դատական նիստը պետք է շարունակվեր այսօր։

Բայց քանի որ Արմավիրի բանտում պահվող Չալաբյանին դատարան չէին բերել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց այն՝ ներկայացնելով քրեակատարողական հիմնարկի նամակը։ Ըստ այդմ, 49-ամյա մեղադրյալը դատարան չէր ներկայացվել առողջական խնդրի, մասնավորապես զարկերակային բարձր ճնշման պատճառով։

Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր տեսակցել է նաև պաշտպանյալին, որն ուներ նաև տաքություն։ Թեև Չալաբյանը ոտքի վրա էր, բայց բանտի բժիշկները թույլ չտվեցին նրան տեղափոխել, հայտնեց փաստաբանը

Այսօրվա դատական նիստին դատավորը նաև հայտարարեց, որ Չալաբյանի համար պատրաստվում է հանրային պաշտպան ներգրավել՝ նկատի ունենալով այն, որ երեկվա նիստին նրա փաստաբանները լքել էին դատական նիստերի դահլիճը։ Սակայն դեռ երեկ Չալաբյանը դատարանում հայտարարել էր, որ հանրային պաշտպանի կարիք չունի։ Այսօր նրա փաստաբանները հայտարարեցին, որ Մնացական Մարտիրոսյանն իրավունք չունի մեղադրյալի կամքին հակառակ պաշտպան ներգրավելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG