Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը անձամբ կվերահսկի ադրբեջանցի լրագրողի գործը


Ադրբեջան - Լրագրող Աֆղան Մուխթարլիին բերում են Բաքվի դատարան, 16-ը հունիսի, 2017թ․
Ադրբեջան - Լրագրող Աֆղան Մուխթարլիին բերում են Բաքվի դատարան, 16-ը հունիսի, 2017թ․

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասել է, որ կվերահսկի ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի գործը:

Մարգվելաշվիլին երեկ հանդիպել է լրագրողի կնոջը՝ Լեյլա Մուստաֆաևային: Հանդիպումից հետո Մուստաֆաևան ասել է, թե Վրաստանի նախագահը հավաստիացրել է, որ հետաքրքրվում է Մուխթարլիի գործով և այն հսկողության տակ կպահի:

«Վրաստանի նախագահի արձագանքը այդ գործին համարժեք է: Կարծում եմ՝ դա ճիշտ դիրքորոշում է: Նա հաստատել է այդ դիրքորոշումը», - «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել է Լեյլա Մուստաֆաևան:

Ադրբեջանցի լրագրողը ընտանիքով 2015 թվականից ապրում էր Վրաստանում՝ խուսափելու համար Ադրբեջանում իր նկատմամբ հնարավոր բռնություններից և հետապնդումներից, որովհետև հետաքննում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին վերագրվող կոռուպցիան:

Սակայն այս տարվա մայիսի 29-ին Աֆղան Մուխթարլին Թբիլիսիում անհետացել է: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա Ադրբեջանում է, ձերբակալված է և մեղադրվում է սահմանը անօրինական հատելու, մաքսանենգության, իրավապահներին դիմադրելու հոդվածներով: Իսկ մայիսի 31-ին Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան կալանելու որոշում կայացրեց:

Մուխթարլիի ընտանիքը, իրավապաշտպանները համոզված են, որ լրագրողին առևանգել են, ինչին մասնակցել են նաև Վրաստանի հատուկ ծառայությունները:

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին կտրականապես հերքում է Վրաստանի հատուկ ծառայությունների մասնակցությունը: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է բացել և հետաքննություն է անցկացնում «ազատությունից ապօրինաբար զրկելու» հոդվածով:

Մինչդեռ լրագրողի փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հայց են նախապատրաստում ընդդեմ Ադրբեջանի և Վրաստանի՝ պնդելով, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ:

Անցած շաբաթ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը նաև Վրաստանի իշխանություններին կոչ է անում Աֆղան Մուխթարլիի Թբիլիսիում անհետանալու և Բաքվին անօրինական փոխանցելու գործով ապահովել օպերատիվ, մանրակրկիտ և թափանցիկ քննություն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG