Մատչելիության հղումներ

Միրզոյանը Չեխիայի ԱԳՆ-ին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել իր գործընկերոջ՝ Յան Լիպավսկիի հետ:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ Արարատ Միրզոյանը Յան Լիպավսկիին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ` ընդգծելով, որ «Ադրբեջանի առավելապաշտական հայտարարությունները խաթարում են այդ գործընթացների առաջմղմանն ուղղված ջանքերը»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-չեխական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը, գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը և ներդրումների խրախուսումը: Այս առումով նշվել է Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում շարունակական և նպատակաուղղված աշխատանքների և երկու երկրներում անցկացվող գործարար համաժողովների կարևորությունը։

Արարատ Միրզոյանը և Յան Լիպավսկին մտքեր են փոխանակել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ամրապնդման նպատակով երկկողմ համագործակցության շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը: ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Չեխիային Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Արժևորվել է Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության կարևոր հարթակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG