Մատչելիության հղումներ

88-ամյա իզյումցին վերհիշում է իր փախուստը գրավյալ քաղաքից


Ուկրաինա - Հրետակոծության հետևանքները Իզյումում, մարտ, 2022թ.
Ուկրաինա - Հրետակոծության հետևանքները Իզյումում, մարտ, 2022թ.

Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքի 85 տոկոսը մարտ ամսվա կատաղի մարտերի արդյունքում հայտնվել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ և այժմ ռուսական բանակի գլխավոր հրամանատարական հենակետն է։ Մարտական գործողությունների ժամանակ Իզյումի բնակիչներից շատերը հայտնվել են շրջափակման մեջ։ 88-ամյա Պետրո Բորոդենկոն այն քչերից մեկն է, որոնց հաջողվել է լքել քաղաքը:

Ուկրաինայի Խարկովի և Դոնեցկի մարզերի խաչմերուկում գտնվող Իզյում քաղաքը ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի Դոնբասը ամբողջովին գրավել ցանկացող ռուսական ուժերի համար։

Իզյումի 45 հազար բնակիչների համար փախուստը քաղաքից այժմ գրեթե անհնարին է դարձել։

Օկուպացված քաղաքում 117 օր անցկացրած 88-ամյա Բորոդենկոն մղձավանջ է ապրել՝ առանց սրտի դեղերի, էլեկտրականության և ջրի:

Քանի որ Բորոդենկոյի տան մեծ մասն ավերվել էր, նա թաքնվել է այն նույն նկուղում, որը որպես ապաստարան էր ծառայել նրա և նրա ընտանիքի համար Երկրորդ աշխարհամարտի տարիներին:

Բորոդենկոն լքել է Իզյումը կամավորների և ուկրաինական բանակի օգնությամբ և հիմա իր ընտանիքի հետ է՝ Կիևում, որտեղ հարաբերականորեն անվտանգ է։ Թեև հյուծված ու ուժասպառ է՝ ուրախ է, որ ողջ է։

Տարհանման օրերը ծանր էին նրա համար թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով։ Պետրո Բորոդենկոն մեքենաներում և ավտոբուսներում երկու օր է անցկացրել առանց սննդի։ Ռուսական զորքերի կողքով անցնելիս նրան նվաստացրել են, համոզել, որ Ռուսաստան գնա, անվանել են ծեր և թույլ: Տարեց մարդը ստիպված է եղել երկար ճանապարհ անցնել՝ շրջանցելով հրթիռակոծված ամբարտակը։ Ավերածությունների հիշողությունները դեռ հետապնդում են նրան:

«Հիշում եմ, որ արկեր էին պայթում։ Հրթիռներից մեկն ընկավ ուղիղ ավտոտնակիս վրա… Հարևանիս տունն այրվում էր: Այրվել է նաև մեր դիմացի մյուս տունը, իսկ մեր հարևանի ավտոտնակն ամբողջությամբ քանդվել էր։ Ես այդ ամենը տեսել եմ։ Սարսափելի էր», - պատմում է Բորոդենկոն։

Մարդկանց մեծ մասը նրա տարիքում ապրում են հանգիստ կյանքով, բայց ոչ Պետրո Բորոդենկոն, ում կյանքը կտրուկ շրջադարձ է կատարել:

«Ինքնաթիռ էր անցնում մեր գլխավերևով։ Երբ տեսանք այն, վազեցինք, որ թաքնվենք մեր տան նկուղում։ Օդաչուն լույս արձակեց մեր ուղղությամբ և ինձ թվաց, որ, դե, այդ պահին ռումբ է գցելու։ Բայց նա անցավ իմ տան վրայով, որոշ տարածություն անցավ և հետո գցեց այդ ռումբը: Այդ ինքնաթիռի գցած ռումբը շատ մեծ էր։ Չգիտեմ, երևի հինգ տոննա կլիներ։ Դրա հասցրած ավերածությունը հսկայական էր։ Մեկ, երկու տուն հողին էին հավասարվել։ Մեր փողոցում շատ էին ավերված տները», - ցավով հիշում է տարեց ուկրաինացին։

Երիտասարդ տարիքում Բորոդենկոն ծառայել է խորհրդային բանակում, հավանաբար՝ այժմ ուկրաինացիների դեմ պատերազմող զինվորների պապերի հետ միասին։

«Նրանք՝ ռուսները, սրիկաներ են, ների՛ր ինձ այս բառի համար։ Նրանք քարուքանդ արեցին այն ամենը, ինչ հնարավոր էր, կործանեցին մեր քաղաքի կյանքը», - ասում է Իզյումից փախուստի դիմած տարեց մարդը։

Ռուսաստանը մինչ այս պահը հերքում է Ուկրաինայում խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լուրերը, իսկ Բորոդենկոն հիշում է Իզյումում ռուսական ամենաարյունալի հրթիռային հարձակումներից մեկը։

«Մահացածների մեծ մասը հրթիռակոծության ժամանակ են զոհվել, երբ ռումբն ընկավ իբրև ապաստարան ծառայող բնակելի շենքի վրա։ Թիրախավորված այդ պայթյունից տեղում 260 մարդ զոհվեց։ Ոչ ոք չփրկվեց», - հիշում է Պետրո Բորոդենկոն:

Պատերազմի ստվերը հետապնդել է նրան ողջ կյանքի ընթացքում։ Յոթ տարեկան էր, երբ Խորհրդային Միությունը պատերազմում էր Երկրորդ աշխարհամարտում, և հիմա՝ կյանքի մայրամուտում, պատերազմը կրկին հետապնդում է նրան:

Փոքրիկ պայուսակն ու լուսանկարն այն ամենն են, ինչ նա կարողացել է իր հետ վերցնել, բայց ամենաթանկ գանձերը Բորոդենկոն ամուր պահում է իր սրտում և հիշողություններում:

«Ես վիրավորված եմ և մեծ ցավ եմ զգում, որ կյանքս կոտրվել է։ Կուզենայի, որ պատերազմ չլիներ, ազատ կյանքով ապրեի», - ասում է Բորոդենկոն։

Կիևում նա այժմ կամաց-կամաց ապաքինվում է՝ ժամանակ անցկացնելով ընտանիքի հետ։ Դեռևս երազում է խաղաղության և տուն վերադառնալու մասին։ Ցանկանում է, որ իր աճյունը հողին հանձնեն այնտեղ՝ իր կնոջ և կրտսեր որդու կողքին, և որ այլևս երբեք պատերազմ չտեսնի։

XS
SM
MD
LG