Հրազդանցի Գայանե Սիմոնյանը պնդում է՝ ծեծի ենթարկված և հոգեկան ու ֆիզիկական ծանր վիճակում հայտնված իր տղայի հստակ ախտորոշումը դեպքից 1.5 ամիս անց էլ դեռ չունի։ «Ազատությանը» պատմեց՝ մի քանի հիվանդանոցներում են եղել, գրավոր մեկ բան են գրել` տեղեկանալով, որ գործը իրավապահների տիրույթում է, բայց դրանից հետո բանավոր շատ այլ տարբեր բաներ ասել։
«Ես այսօր չգիտեմ իմ երեխու դիագնոզը, ուրիշ բան չասեմ, չգիտեմ` էդ ՄՌՏ-ի պատասխանը ես որտեղ կարող եմ ցույց տալ, կա՞ որևէ նյարդաբան, դիմում եմ ձեզ նյարդաբաններ Հայաստանի Հանրապետության, որ կնայի իմ երեխայի իմ երեխայի ՄՌՏ-ի դիսկը և գրավոր ինձ կտա պատասխան` ինչ է կատարվում իմ երեխայի գլխուղեղում», - նշեց նա:
Հրազդանցի կինը դեռ 1.5 ամիս առաջ էր դիմել ոստիկանություն բողոքով, որ մի խումբ անչափահասներ Հրազդանի թիվ 11 դպրոցի հետնամասումում ծեծել են իր անչափահաս որդուն, փոսը գցելուց հետո էլ, ասում է, շարունակել են ոտքերով-ձեռքերով և երկաթյա ձողով հարվածներ հասցնել գլխին։ Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել ծեծի հոդվածով։ Գայանեն պնդում է՝ դա սովորական ծեծ չի եղել, ինչո՞ւ է քրեական գործը միայն ծեծի հատկանիշներով հարուցվել։
«118 հոդվածը շատ ծիծաղելի հոդված է, սա հանցագործություն է եղել, ծեծկռտուք չի եղել, տղաներ չեն, ուղղակի կռվել են, իմ երեխան հարված է հասցրել, իմ երեխային մտածված զանգել, կանչել են և այդ ձև են արել առանց պատճառի, սա խմբակային հանցագործություն է, և դա չի նշանակում` եթե մենք ամենասարսափելի ձևով վախճան չենք ունեցել, սա կորցնում է ուժը, որ սա ծանր հանցագործություն է», - ասաց նա:
Ըստ մոր՝ բակի երեխաներից մեկի ժպիտը դուր չի եկել այդ անչափահաս տղաներին, և որոշել են պատժել նրան։ Քանի որ ժպտացող տղայի պաշտպանությունը ստանձնել է իր որդին, վերջիններս որոշել են որդուն կանչել հաշվեհարդարի։ Դեպքի օրը Գայանեի կրստեր դուստրը՝ Մոնիկան է տանը եղել։ «Ազատությանը» պատմեց՝ եղբայրը գիտակցության կորուստներ էր ունենում, տեսիլքներ տեսնում, թե անգամ քույրերն են իրեն ցանկանում վնասել։ Այդպիսի մի օր էլ եղբայրը, մի տղայի անուն տալով, ասել է՝ «չպաշտպանեցիր ինձ»։
Մոնիկան պատմում է՝ այդ տղան երեք օր շարունակ իրենց տանն է եղել, տեսել եղբոր վիճակը, բայց միայն այդ օրն է խոստովանել, որ ներկա է եղել եղբոր ծեծին. «Սկսեցիր իր վրա գոռալ, ահավոր վիճակի մեջ էլ ես ընկա, որ երեք օր իմ եղբայրն այդ վիճակում է եղել, ու իրենք չեն ասել` ինչ է եղել: Արդեն երբ իմացանք` ինչ է եղել, մամային զանգեցինք, որովհետև չգիտեինք` ինչ անեինք արդեն»:
Մայրը՝ Գայանեն, որ ընտանիքի միակ կերակրողն է, դեպքի ժամանակ Ռուսաստանում արտագնա աշխատանքի է եղել։ Չափահաս մյուս աղջիկները դեպքից երեք օր անց են մորը պատմել իրականությունը, ինչից հետո Գայանեն անմիջապես Հայաստան է վերադարձել։ Մինչև այդ Գայանեի խոսքով՝ Հրազդանի բժիշկներն ու շտապ օգնության մասնագետները, տեսնելով տղային, միանգամից ասել են, թե թմրանյութի ազդեցության տակ է։ Հիվանդանոցից հերքում են սա ու հակադարձում՝ ցուցաբերել են պատշաճ բուժօգնություն։ Արդեն 25 օր է` գործը Քննչական կոմիտեում է՝ ավարտական փուլում է, բայց 1.5 ամիս է` մասնագետները դեռ կոմիտեին չեն տրամադրել դատաբժշկական փորձաքննության պատասխանները, ըստ որի էլ կորոշվի անչափահաս տղայի ստացած մարմնական վնասվածքի աստիճանը։
«Հուլիսի 1-ին քրեական գործը ստացվել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները մինչ օրս չեն ստացվել: Քրեական վարույթի ընթացքում նախատեսվում է քրեական հետապնդում սկսել մեկ անձի նկատմամբ: Այս գործով կա մեկ տուժող», - «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Անչափահասների նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ ամենաթարմ վիճակագրությունը նախորդ տարվանն է, ըստ որի՝ 2020-ի համեմատ՝ նախորդ տարի այսպիսի դեպքերի թիվը 18-ով նվազել է։
Իրավապահները չունեն վիճակագրություն, հենց անչափահասների մասնակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ, այսինքն` թե քանի դեպքով է քրեական գործ հարուցվել, երբ անչահափասն է անչափահասին վնասել։
«Սա հենց այդպիսի դեպք է»,- ասում է հրազդանցի Գայանե Սիմոնյանն ու շարունակում՝ որդուս անչափահասներն են ծեծել: Պնդում է` մասնակից տղաներն իր տանը խոստովանել են, որ իրենք են ծեծի ենթարկել, ինքն էլ այդ ձայնագրությունը փոխանցել է իրավապահներին։ Տարակուսած է՝ այդքանից հետո դեպքից 1.5 ամիս է անցել, բայց ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ կասկածյալ, ո՛չ դատաբժշկական փորձաքննության պատասխանը, ո՛չ էլ հույս, որ մեկ տուժողով այս գործը պատշաճ ընթացք է ստանալու: