Անչափահաս տղան իր մորը պատմել է, որ Հրազդանում` թիվ 11 դպրոցին հարակից գտնվող ֆուտբոլային խաղահրապարակի մոտ` փոսերից մեկում, անչափահաս մի քանի տղաներ իրեն ծեծի են ենթարկել, հրել, գցել փոսը, ինչի հետևանքով նա գլուխը հարվածել է քարին:
Գլխին ստացած հարվածից հետո անչափահաս տղան ուշագնացության նոպաներ ու վախեր է ունենում, որ շրջապատողներն իրեն նորից կծեծեն, կծկվում և թույլ չի տալիս` անգամ ընտանիքի անդամներն իրեն մոտենան։
Մայրը՝ Գայանե Սիմոնյանն ասում է՝ որդին այս վիճակում է հայտնվել, երբ փորձել է 12-ամյա մի ծանոթ տղայի խնդրանքին ընդառաջելով՝ պաշտպանել նրան մի խումբ այլ անչափահասներից. «Հարձակվում են երեխու վրա` ոտքերով-ձեռքերով, խուլիգաններից մեկը տրուբա է վերցնում, տրուբայով խփում, հայհոյանքներ, մահվան սպառնալիքներ` քեզ կսպանենք և այլն, այդ մի անհեթեթությունից ծագում է մի հսկայական պատմություն, թողնում երեխուն, գնում են»:
Ռուսաստանում աշխատող մայրը դեպքից մի քանի օր անց է Հայաստան վերադարձել։ Ասում է՝ չափահաս աղջիկներն իրեն այս ամենի մասին պատմել են միայն այն ժամանակ, երբ հասկացել են, որ եղբոր վիճակը գնալով վատանում է։ Գայանեն պնդում է՝ հիվանդանոցի համապատասխան մասնագետը պետք է աշխատանքից ազատվի, որովհետև հրաժարվել է տնայցից, նյարդաբան - հոգեբույժի խորհրդատվության ուղեգիրն էլ գրել է՝ իրենց ցույց տված տեսանյութի հիման վրա առանց երեխային զննելու։
«Հենց այդ ուղեգրի հիմքով էլ որդիս մեկ օր հոգեբուժարանում է պառկել»,- պատմեց կինը։
Իսկ առաջին ու երկրորդ օրերին իր տուն եկած շտապօգնության բժիշկներն ըստ կնոջ՝ նույնպես առանց որդուն զննելու ասել են՝ թրմանյութի ազդեցության տակ է և հեռացել. «Շտապօգնությունն առաջին օրը գալիս է, ոչինչ չի անում, չնայած երեխան մոտիկ էլ չի թողնում, որ ինչ-որ բան անի, հենց երեխու դիմաց ասում են` դոզայի տակ է, նոպայի մեջ է, բայց ինքը լրիվ հասկանում է, ու երեխան ասում է` ինձ չհավատացին, ես ձեզ ասում եմ` նման բան չեմ արել, բայց ինքը չի էլ ասում, որ իրեն ծեծել են: Այդ օրը 7 ժամ այդ նոպան տևում է, երկրորդ օրը ցերեկը նորից սկսում է, նորից են շտապօգնություն կանչում, գալիս է ֆելդշեր առանց բժշկի, և ասում է` ես բժիշկ չեմ, օգնել չեմ կարող, բայց իհարկե, իր կարծիքը հայտնում է, որ դոզայի տակ է: Աղջիկս ասում է` չողել եմ, խնդրում եմ, ասում եմ` տարեք հիվանդանոց, աղաչում եմ ձեզ, իմ մաման էստեղ չի, ուրեմն թղթեր են դեմ տալիս երեխուն, որ ստորագրի, ու այդ թղթերի մեջ լինում է թուղթը, որ մենք հրաժարվում ենք հիվանդանոցային բուժումից»:
«Հրազդան» ԲԿ-ի ենթակայությամբ գործող շտապօգնության բժիշկն ու հիվանդանոցի մասնագետը տնօրենի պահանջով բացատագրեր են գրել, թե այդպիսի բառեր չեն ասել, հիվանդի հարազատները հրաժարվել են հիվանդանոցային բուժումից, իրենք էլ անհրաժեշտ ուղեգիրը տրամադրել ու պատշաճ բուժօգնություն են ցուցաբերել։ Տնօրեն Կարեն Սահակյանը հակված է իր աշխատակիցներին հավատալ, ասաց՝ տեղում չի եղել, ինչպե՞ս վստահ լինի, որ հարազատները ճիշտ են:
«Նման արտահայտություն չի կարող լինել բժշկի կողմից, ուղղակի այդ ամեն ինչը արվել է նրա համար, որպեսզի հասկանանք` ինչումն է խնդիրը, այդտեղ հարցրել են` կարո՞ղ է ալկոհոլային թունավորում է, սննդային թունավորում է, անհասկանալի է, որովհետև չեն ներկայացնում, որ երեխան ծեծված է, չգիտեմ ինչի: Դրա համար բժիշկը պետք է իր հարցերը տա, իր հարցերի պատասխանը պետք է ստանա, որպեսզի հասկանա` ինչ է: Այնտեղ կա բարձր ջերմություն, դող, վախի զգացում, չի թողնում երեխան մարդ մոտենա իրեն, այդ պայմաններում ի՞նչ պետք է անի բժիշկը, հարցադրումներով փորձում է հասկանալ` ինչն է խնդիրը», - ասում է նա:
Ծնողի համար անհասկանալի է՝ եթե անգամ անչափահաս որդին թմրանյութի ազդեցության տակ է եղել, ինչո՞ւ են բժիշկները նրան տանը թողել և հեռացել, ինչո՞ւ ոստիկանություն չեն զանգահարել։ Թեև այդ վարկածը հերքում է ծնողը, բայց հավելում է՝ թող լրացուցիչ ստուգումներ անեին ու համոզվեին, որ տղան թմրանյութ չի օգտագործում, այդպիսի ցնցումներ և ուշագնացության դեպքեր էլ երբեք չի ունեցել. «Այս 4 օրվա փուլը` հիվանդանոց, տղաները, հոգեբուժարան, երեխու մոտ այնքան են սթրես խորացրել, որ ընդամենը եթե շուտ գային մեր պոլիկլինիկայից, ճիշտ բուժում անեին հենց առաջին օրը, այսքան չէր խորանա երեխու մոտ»:
Հիվանդանոցի վերադաս մարմնից՝ Կոտայքի մարզպետարանից «Ազատությանը» տեղեկացրին, որ խնդրից տեղյակ են, մարզպետն էլ առաջիկայում կընդունի երեխայի ծնողին։ Առողջապահության նախարարությունից էլ ասացին, թեև հիվանդանոցն իրենց ենթակա կառույց չէ, բայց տնօրենի հետ քննարկել են շտապօգնության կանչի սպասարկման խնդիրը, իսկ թե ի՞նչ են պարզել, չասացին։ Իսկ ոստիկանությունը մոր բողոքից շուրջ 15 օր անց էլ դեռ նյութեր է նախապատրաստում, 3 պատանիները խոստովանական բացատրություններ են տվել ու ազատ արձակվել։ Մարմնական վնասվածքի աստիճանն արձանագրելու համար, ասացին, դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, պատասխանները դեռ չկան:
«Այս ու նման այլ դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանի կառույցը ստիպված է լինում քաղաքացու ուղեկցորդը դառնալ՝ պետական մարմինների դռները թակելիս»,- «Ազատությանն» ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
Պաշտպանի խոսքով՝ հաճախ բուն գործը մոռացության տալով` ոստիկանությունում փորձում են ավանդական ճանապարհով կողմերին հաշտեցնել, երբեմն էլ ամոթանքի միջոցով ծնողներին հարկադրել հետ կանգնել իրավական ընթացքից։ Համակարգային այս խնդիրների շղթայում Պաշտպանի գրասենյակը հաճախ նաև սոցիալական ծառայությունների թերացումն է նկատում, հատկապես ոչ աշխատանքային ժամերին, ասաց, նրանց գտնել չի լինում:
«Շատ դեպքերում նաև պիտի ասեմ, որ որպես պետության առաջին արձագանք մեր երկրում այս բազմամասնագիտական արձագանքի խնդիր կա, այսինքն` նման դեպքերում, երբ անհրաժեշտ են սոցիալական ծառայությունների ներգրավումը, բոլորը մի տեսակ մեկը մյուսի վրա գցելու տրամաբանությամբ են առաջնորդվում», - նշեց նա:
2020-ին Պաշտպանի գրասենյակը երեխայի իրավունքներին վերաբերող 2021 բողոք է ստացել, որից 56-ը բռնության դեպքերի մասին են եղել։ Մեկ տարի անց՝ 2021-ին, բողոքների թիվը նվազել է 1117-ով, իսկ 6-ով՝ երեխայի նկատամբ բռնության դեպքերը։
Քննչական կոմիտեից «Ազատությունը» փորձեց ճշտել՝ անչափահասների մասնակցությամբ քանի քրգործ է քննվել, և արդյոք այդ թվերը նախորդ տարվա համեմատ աճել կամ նվազել են։ Գրավոր հարցման պատասխանը կոմիտեից խորհուրդ տվեցին իրենց պաշտոնական էջում գտնել, որտեղ միայն անչափահասների նկատմամբ հանցագործության դեպքերն են արձանագրված՝ 2021-ին 340 քրեական գործ է քննվել, 357 երեխա տուժող է ճանաչվել, գերակշիռ դեպքերում՝ մինչև 12 տարեկան երեխաները։
Կոմիտեն այդպես էլ չտրամադրեց տվյալներ հենց անչափահասների մասնակցությամբ քրեական գործերի վերաբերյալ, այսինքն` քանի դեպքով է քրեական գործ հարուցվել, երբ անչահափասն է անչափահասին վնասել։
Կավելանա՞ արդյոք Գայանե Սիմոնյանի որդու հետ տեղի ունեցած դեպքն այս տարվա վիճակագրերում, քրեական գործ կհարուցվի՞, թե՞ կմերժվի բողոքը, դեռ պարզ չէ։ Մինչև այդ անչափահաս տղայի մայրը որդուն բնականոն կյանք վերադարձնելու հույսով հիվանդանոցից հիվանդանոց է գնում և շարունակում է պահանջել, որ անչափահասները պատժվեն, բժիշկներն էլ աշխատանքից հեռացվեն: