Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը անցած շաբաթ այցելեց Երևան, ապա մեկնեց Բաքու և այնտեղ ստորագրեց փաստաթուղթ Ադրբեջանի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների սերտ համագործակցության մասին։ Արդյոք սա սպառնալիք չէ՞ Հայաստանի ազգային անվտանգությանը. նաև այս հարցի շուրջ էր քննարկումը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 24-ի թողարկման հյուրերի՝ քաղաքական վերլուծաբաններ Բենիամին Պողոսյանի և Հայկ Սուքիասյանի հետ։
«Ընդհանրապես Ռուսաստանը քանի՞ անգամ պետք է Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ գործակցի, քանի՞ անգամ պիտի սպանդ սարքեն, որ հայ ժողովուրդը խելքը գլուխը հավաքի», - նշեց Հայկ Սուքիասյանը՝ շարունակելով. - «Օրինակ, Շոյգուն հայտարարեց, որ Թուրքիայի հետ լավագույն օպերացիա են իրականացրել Արցախի հարցով, Պուտինը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք՝ մտել են ՀԱՊԿ-ի տարածք, Ռուսաստանը ասում է՝ «ոնց որ տարածքը դելիմիտացված չի, ՀԱՊԿ-ի տարածքը տեղը չգիտեմ, որ գամ ձեզ օգնեմ», քանի՞ անգամ պետք է լինի, էլի։ Հետևապես՝ դա հերթական ապացույցն է հանրության համար այն բանի, որ Ռուսաստանը որոշել է, որ մեզ դաշնակից չի լինելու։ Էդպիսի պայմանագրեր, փաստաթղթեր 40 անգամ նորից էլի կնքելու են»։
Այդ պատճառով, ըստ վերլուծաբանի, «մենք լուծումներ պետք է որոնենք, և այդ լուծումներից մեկը հակահետախուզություն ունենալն է»։ «ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի հետախուզական ծառայություններն աշխարհն են վերահսկում։ Մենք աշխարհը վերահսկելու խնդիր չունենք՝ մեր հակահետախուզությունը պետք է տարածաշրջանի համար, մեզ համար, և մենք ունենք այդ պոտենցիալը՝ դա անելու։ Եթե չունենք, մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, պետք է որոշում կայացնենք՝ մենք ապրելո՞ւ ենք այս տարածաշրջանում, թե՞՝ ոչ։ Հետևապես՝ այստեղ ռեսուրս չպետք է խնայվի», - ընդգծեց Հայկ Սուքիասյանը։
Ըստ Բենիամին Պողոսյանի՝ վտանգը, որ Ռուսաստանը կպահանջի Հայաստանից տեղեկույթ, որը հետո կփոխանցի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դա կօգտագործի Հայաստանի դեմ, «կա միշտ», և նա չի կարծում, որ «ֆորմալ ինչ-որ համաձայնագիր ստորագրելով վտանգը ավելացավ կամ փոքրացավ»։
«Բացի այդ, չմոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանում այնքան ներկայություն ունի, որ առանց որևէ մեկից որևէ բան պահանջելու էլ, ինձ թվում է, ինքը բավականաչափ տեղեկություններ կարող է ստանալ, հետևաբար՝ ցանկության դեպքում, այո, կարող է փոխանցել նաև Ադրբեջանին», - նշեց քաղաքական վերլուծաբանը՝ հավելելով. - «Եվ նույնը, ի դեպ, վերաբերում է ցանկացած այլ հատուկ ծառայության. այստեղ ցանկացած հատուկ ծառայություն որ գործում է հետախուզական, ինձ թվում է, մենք հասկանում ենք, որ այստեղ միայն ռուսները չկան՝ այստեղ կան ամերիկացիները, այստեղ կան բրիտանացիները, չեմ բացառում նաև, որ թուրքերը, և հասկանալի է՝ ոչ մի երաշխիք չկա, որ նույն բրիտանացիների ստացած տեղեկույթը չի փոխանցվի Թուրքիային, Թուրքիայից չի գնա Ադրբեջան, կամ ամերիկացիներից չի գնա Թուրքիային, և այլն»։
«Հետևաբար՝ այստեղ այնպիսի իրավիճակ է, որ ոչինչ բացառել չենք կարող։ Եվ այս առումով, այդ պայմանագիրը, չեմ կարծում, որ էական կամ որակական փոփոխություն է բերում։ Ցանկացած պարագայում՝ Հայաստանում այլ պետությունների հատուկ ծառայության ներկայացուցիչները ստանում են տեղեկույթ, որը, իհարկե, իրենք ազատ են տնօրինելու այնպես, ինչպես ցանկանում են, այդ թվում՝ փոխանցելով մեզ ոչ-բարեկամ պետություններին՝ այսպես ասենք, նկատի ունեմ՝ Ադրբեջանին և Թուրքիային», - նշեց Պողոսյանը։
Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.