Մատչելիության հղումներ

Լավրովն իրարամերժ հայտարարություններ է անում, Կիևից հակադարձում են


Եգիպտոս - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կահիրեում ասուլիսի ժամանակ, 24-ը հուլիսի, 2022թ.
Եգիպտոս - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կահիրեում ասուլիսի ժամանակ, 24-ը հուլիսի, 2022թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանգստյան օրերին Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ է արել։

Շաբաթ օրը մեկնարկած աֆրիկյան շրջագայության շրջանակում Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը նախ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցել հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ, իսկ ավելի ուշ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ըստ էության, հերքել է իր ասածը՝ հայտարարելով, թե Ռուսաստանը կօգնի ուկրաինացի ժողովրդին ազատվել «հակաժողովրդական և հակապատմական ռեժիմից»։

«Մենք ցավում ենք Ուկրաինայի ժողովրդի համար, որը շատ ավելի լավին է արժանի։ Մենք ցավում ենք ուկրաինական պատմության համար, որը քանդվում է մեր աչքի առաջ։ Ռուս և ուկրաինացի ժողովուրդները կշարունակեն միասին ապրել։ Մենք անպայման կօգնենք ուկրաինացի ժողովրդին ազատվել ռեժիմից, որը բացարձակապես հակաժողովրդական է և հակապատմական», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ Լավրովը նաև հայտարարել էր, թե ռուսական կողմը ընդլայնում է «հատուկ ռազմական գործողության» աշխարհագրությունը և մտադիր է ամբողջությամբ «ազատագրել ոչ միայն Դոնբասը, այլև Ուկրաինայի այլ տարածքներ ևս»։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարարը «զարգացրել է դասական ռուսական շիզոֆրենիան»։

«Լավրովի այսօրվա հայտարարությունները Արաբական լիգայի անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ լավ հիշեցնում են, թե ինչու չպետք է ամռանը քայլեր արվեն առանց գլխարկի։ Դասական ռուսական շիզոֆրենիա՝ առավոտյան ասում եք, որ Մոսկվան ձգտում է բանակցությունների, իսկ երեկոյան՝ որ ձեր նպատակն է ձերբազատվել Կիևի հակաժողովրդական ռեժիմից», - ասել է Պոդոլյակը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունն ընտրվել է արդար, մրցակցային և ժողովրդավարական ընտրություններով, սակայն ռուսական վերնախավին նման բաները ծանոթ չեն։

XS
SM
MD
LG