Մատչելիության հղումներ

Շարունակելու ենք հասցեագրել բոլոր խնդիրներն Ադրբեջանում. Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ


Չնայած Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնություններին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը վստահեցնում է` շարունակելու են հասցեագրել բոլոր խնդիրները Ադրբեջանում։

«Երկարաժամկետ կտրվածքում մենք գազային մատակակարումներից կանխվածություն ենք ունենալու, և այլընտրանքը Քաթարն է կամ Ադրբեջանը։ Համաձայնագրով մատարակարարումները կավելանան, բայց մարդու իրավունքների հարցերը անդին են էներգետիկ համագործակցության տիրույթից։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք շարունակելու ենք հասցեագրել բոլոր խնդիրները, որոնք մարդու իրավունքներին են վերաբերվում և Ադրբեջանում մյուս բոլոր խնդիրներին, ինչպես արել ենք և շարունակում ենք անել», - այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դեյվիդ Մքալիսթերը:

Շաբաթվա սկզբին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ փաստացի ընդգծելով, որ սա այլընտրանք կլինի ռուսական գազին։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ այս հուշագիրն էլ ավելի է ամրապնդում Բաքու-Բրյուսել էներգետիկ գործընկերությունը: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, քննադատում են գազային համաձայնությունները՝ կարծիք հայտնելով, որ կապույտ վառելիքի մատակարարման դիմաց Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում է փակել աչքերը մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա։

Եվրախորհրդարանի ներկայացուցիչը հիշեցրել է վերջերս ընդունած բանաձը, որով, ինչպես ինքն է այսօր նշել, դատապարտել են «այն շարունական քաղաքականությունը, որով ջնջվում և ժխտվում է հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ»։

«Այս բանաձևն ընդունվել է Եվրախորհրդարանի մեծամասնության կողմից, և երբ Բաքվում էինք, մենք նկատեցինք, որ այս առնչությամբ մոտեցումը քննադատական էր, ինչը նաև բարձրաձայնվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Եվրախորհրդարանն ունի ավանդույթ ձևակերպելու բանաձևեր երրորդ երկրներում առկա իրավիճակի մասին, մենք դա արել ենք նախկինում և շարունակելու ենք դա անել։ Ոմանք կողջունեն այս բանաձևերը, ոմանք կքննադատեն դրանք», - շեշտել է նա։

Դեյվիդ Մքալիսթերն ասել է, որ ստիպված են արագորեն սահմանափակել և արագորեն նվազեցնել գազի ներկրումը Ռուսաստանից, քանի որ ուզում են ավելի քիչ կախյալ լինել ՌԴ-ից:

«Ուզում ենք ավելի քիչ վճարել, որովհետև եթե շարունակենք էներգառեսուրսներ Ռուսաստանից, ապա անուղղակիորեն ֆինանսավորում ենք ագրեսիան ու պատերազմը Ուկրաինայի դեմ։ Հետևաբար պետք է դիվերսիֆիկացնենք էներգետիկ մատակարարումները, հատկապես քանի որ դեռևս ամբողջությամբ չենք անցել վերականգվող էներգիային Եվրոպայում, ինչը ամբողջությամբ անկախ կդարձներ մեզ», - հավելել է նա։





XS
SM
MD
LG