Մատչելիության հղումներ

Ի՞նչ է սպասվում ՄԻԵԴ-ում Հայաստանին պարտության տարած դատավորներին նոր ռազմավարությամբ. իրավապաշտպանը քննադատում է, ԱՆ-ն՝ հակադարձում


Ընդհանրական, ոչ հստակ ձևակերպումներով ռազմավարություն, որից հասկանալի չէ, թե ինչ է լինելու տասնամյակներ շարունակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի վճիռների պատճառ դարձած դատավորների հետ, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որն ուսումնասիրել է երեկ Կառավարության ընդունած դատաիրավական համակարգի հնգամյա ռազմավարությունը։

Նրա խոսքով՝ իշխանության մշակած փաստաթղթում, որի նպատակը անկախ դատական համակարգի կայացումն է, չկա բարեվարքության հստակ հայեցակարգ, նշվում է միայն, որ դատավորները պետք է ստուգում անցնեն, իսկ թե ինչ կա դրա հիմքում, նշված չէ։

«Այսինքն, ըստ էության ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետության դատարանը խախտել է մարդու իրավունքը ոչ թե օրենսդրական թերության հետևանքով, այլ՝ գիտակցաբար, ապա նման դատավորներից պետք է ազատվել: Բայց հիմա, այստեղ՝ բարեվարքության կոնտեքստում դա մտնում է արդյոք, թե՝ ոչ, մեզ համար հայտնի չէ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սաքունցը:

Երեկ Կառավարության նիստում ներկայացնելով ռազմավարությունը՝ Արդարադատության նախարարն ընդգծել էր, որ հնարավոր է չսպասեն մինչև 2026-ի ավարտը և ավելի շուտ իրագործեն բոլոր գործողությունները, որոնցից թերևս ամենաէականը դատավորների, քննիչների, դատախազների բարեվարքությունն է։ Այժմ նման ստուգում անցնում են միայն նոր նշանակված դատավորները:

Վարչապետ Փաշինյանն էլ որակյալ էր գնահատել նոր ռազմավարությունը՝ հույս հայտնելով, որ դրանով կկարողանան ընդունել նոր օրենքներ ու որոշումներ՝ ամրապնդելով և զարգացնելով անկախ դատական համակարգը։

Սաքունցը, սակայն, ընդգծում է՝ այս փաստաթղթում պետք է ամրագրվեն իշխանությունների հայտարարությունները։ Դեռ 2019 թվականին վարչապետ Փաշինյանն էր հայտարարել՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Սաքունցի խոսքով՝ կարևորագույն այս փաստաթղթում խոսք չկա նաև իշխանության զավթման մասին, որին ուղիղ մասնակցություն են ունեցել շատ դատավորներ:

«Եթե դու չես ելնում այն փաստից, որ Հայաստանի Հանրապետությունը զավթված է եղել առնվազն 20-25 տարի, ընդ որում՝ պետության զավթման ամենից կարևորագույն ինստիտուտը դատարանն է, և որ դատարանը իրապես գործադիր իշխանության հսկողության տակ է գտնվել, չէ՞, եթե դու սա չես ամրագրում որպես ելակետային դրույթ, որևէ ռազմավարություն ամբողջական և արդյունավետ լինել չի կարող», - ընդգծեց իրավապաշտպանը:

Արդարադատության նախարարության խորհրդական Լիանա Թովմասյանը, սակայն, հակադարձում է՝ ռազմավարությունից բխող նման մի փոփոխություն արդեն արել են Դատական օրենսգրքում, որը դեռ ուժի մեջ չի մտել։ Դրանով մտադիր են կարգապահական պատասխանատվության ենթարկել ՄԻԵԴ-ում իրենց վճիռներով Հայաստանին պարտության տարած դատավորներին՝ ուսումնասիրելով 15 տարվա վաղեմության գործերը։

«Այս նախագծով իրավական որոշակի բացառություն է նախատեսվում առ այն, որ հետադարձ ուժ է հնարավոր տալ այն գործերով, այսինքն հետադարձ ուժ կիրառել այն գործերով, որոնցով ՄԻԵԴ ակտով արձանագրվել է դատավորի կողմից թույլ տրված խախտում, և սրա հիման վրա հարուցել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ, համապատասխան հիմքերի առկայության դեպքում արդեն միջնորդություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ: Արդեն Բարձրագույն դատական խորհուրդն իր գործառույթների շրջանակում կքննարկի միջնորդությունը և համապատասխան արդյունքի կհանգենք», - ասաց Թովմասյանը:

Անցումային արդարադատության գործիքներով կառավարությունը մտադիր է բացահայտել անցած տարիներին մարդու իրավունքների համակարգային խախտումները, որով կզբաղվի ստեղծվելիք փաստահավաք կառույցը։ Սաքունցը թեև դրական է գնահատում սա, բայց և պնդում է՝ ոչ բոլոր, էական խախտումների մասին է նշել կառավարությունը։

«Կոռուպցիայի հետևանքով տուժածները նույնպես պետք է մտնեն կամ խոշտանգումների զոհերը նույնպես պետք է.... այդ հստակեցումը չկա, այսինքն այս առումով լայն հայեցողություն է տրված, իսկ ինչպես դա կընդունվի թողնված է կոնկրետ օրենքի մշակման կամ մոդելի քննարկման ժամանակ», - ասաց իրավապաշտպանը:

Արդարադատության նախարարության խորհրդականը, սակայն, պնդում է՝ փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի այն խախտումները, որոնք նաև արձանագրել են միջազգային կառույցները։

«Որոշակի թիվ գործեր ենք առանձնացրել, այսինքն որոշակի ուղղություններ ենք առանձնացրել ու հիմք ընդունելով հանրայնացումը, այսինքն հիմք ընդունելով այն գործերի թիվը, թե որոնցով են առավել շատ խախտումներ բացահայտվել և միջազգային զեկույցներով, այնպես էլ արդեն Հայաստանի Հանրապետության ներսում: Կոռուպցիոն շղթան բացահայտելու համար Հայաստանի Հանրապետությունը առանձին ինստիտուցիոնալ համակարգ է ներդրել համապատասխան մարմինների տեսքով ու արդեն իսկ եռաստիճան հակակոռուպցիոն դատարաններ ունենք մենք, որն արդեն շուտով կսկսի իր գործունեությունն իրականացնել», - ընդգծեց Լիանա Թովմասյանը:

Արդեն գործող ռազմավարությունում շեշտը դրված է հետընտրական իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումների, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումների, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի վրա։

XS
SM
MD
LG