Մատչելիության հղումներ

Արևմուտքը վայրագություն է որակում ռուսական հարձակումը Վիննիցայի վրա


Ուկրաինա, Վիննիցա, 14-ը հուլիսի, 2022թ.
Ուկրաինա, Վիննիցա, 14-ը հուլիսի, 2022թ.

Վիննիցայի վրա ռուսական հարձակումը, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 23 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, հոսպիտալացվել է 71-ը, մինչև 39 մարդ էլ անհետ կորած է համարվում, առաջացրել է միջազգային բուռն արձագանք:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեշ Լենարչիչը համատեղ հայտարարություն են արել Վիննիցայի վրա հարձակման վերաբերյալ՝ որակելով այն որպես վայրագություն: Հայտարարությունում ասված է. - «Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են այս վայրագությունների համար, պատասխան կտան իրենց գործողությունների համար՝ միջազգային իրավունքին համապատասխան»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաշխարհային հանրությունից պահանջել է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչական պետություն և ստեղծել հատուկ տրիբունալ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան հետաքննելու համար։

«Աշխարհի ոչ մի պետություն չի ներկայացնում այնպիսի ահաբեկչական վտանգ, ինչպիսին Ռուսաստանը: Աշխարհի ոչ մի պետություն իրեն թույլ չի տալիս ամեն օր թևավոր հրթիռներով և հրթիռային հրետանու միջոցով ոչնչացնել քաղաքներն ու սովորական մարդկային կյանքը», - հայտարարել է Զելենսկին:

Ընդ որում, ուկրաինական Վիննիցային ռուսական ուժերը հրթիռային հարված հասցրեցին այն ժամանակ, երբ Հաագայում անցկացվում էր ռուսական ռազմական հանցագործություններին նվիրված համաժողով: Զելենսկին իր երեկվա ուղերձում շեշտել է, թե ոչ մի այլ ահաբեկչական կազմակերպություն իրեն թույլ չի տվել նման հանդգնություն՝ նորից սպանել, երբ միջազգային հանրությունը քննարկում է նախկին հանցագործությունները։ Ուկրաինայի նախագահի խոսքով ՝ Ռուսաստանը դրանով ցույց տվեց իր վերաբերմունքը միջազգային իրավունքի, Եվրոպայի և ամբողջ քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ։

Ռուսական լրատվամիջոցների համար հրթիռային հարձակումները Վիննիցայի վրա աննկատ մնացին։ Իսկ պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ հարձակվել են Վիննիցայի Սպայի տան վրա, քանի որ, ըստ իրենց վարկածի, այնտեղ նախապատրաստվում են Ուկրաինայի զինված ուժերի զորքերը։

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել նաև Նիկոլաևին, շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմի խոսքով ՝ առնվազն 10 պայթյուն է եղել, մասնավորապես՝ հարվածներ են հասցվել քաղաքի բուհերին։

Հրթիռային հարվածները, ընդ որում՝ երկու կողմից էլ, ավելի ինտենսիվ են դարձել: Երեկ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով անհապաղ հեռանալ երկրից այդտեղ բնակվող ամերիկացիներին. սա Միացյալ Նահանգների դեսպանատան առաջին նման հայտարարությունն է վերջին երեք ամսվա ընթացքում։

Հրթիռային հարձակումների հետ մեկտեղ, ռուսական բանակը շարունակում է հարձակման փորձերը Դոնբասում՝ Դոնեցկի մարզում: Ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացնում Սևերսկի և Բախմուտի ուղղությամբ: Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) ամփոփոգրի համաձայն՝ ռուսական հարձակումն այս ուղղությամբ դեռ լուրջ հաջողություններ չի արձանագրել:

XS
SM
MD
LG