Ստամբուլում մեկնարկել են ուկրաինական ցորենի արտահանման հարցով Կիևի և Մոսկվայի բանակցությունները, որոնք տեղի են ունենում ՄԱԿ-ի և թուրք պաշտոնյաների միջնորդությամբ։
Մարտի 29-ից ի վեր սա ռուս և ուկրաինացի պաշտոնյաների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է։
Բանակցությունների նախաշեմին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ռուսական ուժերի կողմից օկուպացված ուկրաինական նավահանգիստներում ամբարված ուկրաինական ցորենի միջազգային շուկա մատակարարման շուրջ քննարկումները հասել են վերջնական փուլ, այժմ անհրաժեշտ է լուծել անվտանգության խնդիրները։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո սևծովյան նավահանգիստներից ուկրաինական ցորենի արտահանումը դադարել է, և ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկ մնացել է ամբարներում: Կիևը պնդում է, թե ռուսական ուժերն արգելափակել են բոլոր ուկրաինական նավահանգիստները՝ թույլ չտալով արտահանել ամբարված ցորենը: Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ պատրաստակամություն հայտնելով Սև ծովով նավերի անվտանգ անցում ապահովել միայն այդ ջրային տարածքների ականազերծման պայմանով: Ուկրաինայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը հացահատիկի միջանցքը կարող է օգտագործել նոր հարձակման համար: