Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ բարեկամությունը»


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ:

Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ նամակում մասնավորապես ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանյուել,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ խաղաղության, զարգացման և բարգավաճման լավագույն մաղթանքներ հղելով բարեկամ ու եղբայրական Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։

Ազգային միասնության այս օրը՝ հուլիսի 14-ը, լավագույնս է խորհրդանշում Ֆրանսիայի ու ֆրանսիացիների անցած բարդ ու փորձություններով լի ճանապարհը՝ հանուն արդարության և համամարդկային արժեքների հաղթանակի, հանուն արժանապատիվ և լուսավոր ապագայի։

«Մենք բարձր են գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ բարեկամությունը՝ հիմնված հազարամյակի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարուստ շփումների, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքի վրա։ Ուրախ ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ գործուն քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում հատկապես կարևորում ենք նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված՝ Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի դրույթների հետևողական իրականացումը, ինչպես նաև այս տարվա մարտ ամսին Ձեր նախաձեռնությամբ կազմակերպված «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի գրանցած հաջողության շարունակականության ապահովումը», - գրել է Փաշինյանը Մակրոնին:

Վարչապետն ընդգծել է, որ «Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործընթացում»։ «Այս կապակցությամբ վերահաստատում եմ Հայաստանի վճռական հանձնառությունը՝ հասնել հիմնահարցի խաղաղ ու տևական կարգավորմանը», - ասված է նամակում:

Փաշինյանը Մակրոնին շնորհավորել է նաև «Եվրոպական միությունում Ֆրանսիայի նախագահությունը պատվով իրականացնելու ու հաջողությամբ ավարտին հասցնելու կապակցությամբ», վստահություն հայտնել, որ «Ֆրանսիան ապագայում ևս կշարունակի կարևոր դերակատարում ունենալ աշխարհաքաղաքական ցնցումներով լի այս դժվարին ժամանակաշրջանում ի հայտ եկած բոլոր մարտահրավերների հաղթահարման հարցում՝ հօգուտ միջազգային համերաշխության ու համընդհանուր բարօրության»։

«Վերահաստատում եմ իմ և հայ ժողովրդի ցանկությունը առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով», - Ֆրանսիայի նախագահին գրել է Հայաստանի վարչապետը:

XS
SM
MD
LG