Ռուս և ուկրաինացի պաշտոնակիցների հետ Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցներից հետո վաղը Ստամբուլում հացահատիկի ճգնաժամի հարցով հանդիպում տեղի կունենա: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ռուսական, ուկրաինական և թուրքական զինվորական պատվիրակությունները ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ կքննարկեն Սև ծովի նավահանգիստներում արգելափակված ուկրաինական ցորենի դուրսբերման հրատապ խնդիրը:
Երեկ կայացած հեռախոսազրույցում Պուտինն ու Էրդողանը քննարկել էին ռուս-ուկրաինական պատերազմի հումանիտար խնդիրները, մասնավորապես Սև ծովով հացահատիկի անվտանգ դուրսբերման հարցը։ Թուրքիայի ղեկավարն ասել էր, թե ժամանակն է քայլեր ձեռնարկել` կյանքի կոչելու հացահատիկի միջանցքի ստեղծման ՄԱԿ-ի առաջարկած պլանը: Կրեմլը հպանցիկ է անդրադարձել այս հարցին, պաշտոնական հաղորդագրությունում միայն նշվում է, որ առաջնորդները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին, այդ թվում` անդրադարձել են Սև ծովով նավերի անվտանգ անցմանը և հացահատիկի արտահանմանը միջազգային շուկա։
Հացահատիկի ճգնաժամի շուրջ Էրդողանը երեկ զրուցել է նաև ուկրաինացի պաշտոնակցի հետ՝ կրկին շեշտելով այս խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը։ Վլադիմիր Զելենսկին Թվիթերում գրել է՝ գնահատում է Էրդողանի ջանքերը ցորենի արտահանումը վերականգնելու հարցում, ինչպես նաև ընդգծել, որ պետք է թույլ չտալ Ռուսաստանին վերցնել ուկրաինական ցորենը գրավված տարածքներից:
Մինչ այդ, Կիևը կողմից Զմեինի կղզու նկատմամբ վերահսկողության վերականգնումից հետո երեկ ուկրաինական նավահանգիստներ են հասել օտարերկրյա ութ նավեր, որոնք էլ արտահանելու են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը:
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո սևծովյան նավահանգիստներից ուկրաինական ցորենի արտահանումը դադարել է, և ավելի քան 20 մլն տոննա հացահատիկ մնացել է ամբարներում: Ռուս-ուկրաինական պատերազմը գլոբալ պարենային ճգնաժամի և ցորենի ու պարարտանյութի կտրուկ գնաճի պատճառ է դարձել: Ռուսաստանն ու Ուկրաինան մատակարարում են աշխարհի ցորենի գրեթե մեկ երրորդը:
Պաշտոնական Կիևը պնդում է, թե ռուսական ուժերն արգելափակել են բոլոր ուկրաինական նավահանգիստները՝ թույլ չտալով արտահանել ամբարված ցորենը: Մի շարք արևմտյան երկրներ ևս քննադատում են Ռուսաստանին համաշխարհային պարենային անվտանգությանը սպառնալու համար: Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ պատրաստակամություն հայտնելով Սև ծովով նավերի անվտանգ անցում ապահովել միայն այդ ջրային տարածքների ականազերծման պայմանով: Ուկրաինան, սակայն, չի կարող կատարել այդ պայմանը՝ պատճառաբանելով, թե Ռուսաստանը հացահատիկի միջանցքը կօգտագործի նոր հարձակման համար: ՄԱԿ-ի գնահատմամբ, այս պատերազմը կարող է սովի պատճառ դառնալ աշխարհի մի շարք երկրներում: Ուկրաինական ցորենից մեծ կախում ունեն հատկապես Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան: Ուստի ՄԱԿ-ը առաջարկել է, որ Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան այս հարցի լուծման համար համագործակցության մեխանիզմ մշակեն:
Այսօր մեկնաբանելով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը` Կրեմլի խոսնակն ասել է, թե դրա ընթացքում Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հարցը չի քննարկվել։ Մինչդեռ պաշտոնական Անկարայի հաղորդմամբ՝ երեկվա զրույցում Էրդողանը վերստին պատրաստակամություն է հայտնել աջակցելու պատերազմող երկրների միջև բանակցային գործընթացի վերսկսմանը։ Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է բանակցային ճանապարհով մնայուն և արդար խաղաղության հասնելով ավարտել պատերազմը:
Ի դեպ, ուղիղ մեկ շաբաթ անց Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Թեհրանում։ Տեղեկությունը հաստատել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Թեհրանում կայանալու են նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ բանակցություններ՝ նվիրված սիրիական ճգնաժամի հաղթահարմանը։