Մատչելիության հղումներ

Պուտինի դուստրը նշանակվել է Ռուսաստանի ԱՁՄ ներմուծման փոխարինման համակարգող խորհրդի համանախագահ


Կատերինա Տիխոնովա, արխիվ
Կատերինա Տիխոնովա, արխիվ

Վլադիմիր Պուտինի կրտսեր դուստր Կատերինա Տիխոնովան նշանակվել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ներմուծման փոխարինման համակարգող խորհրդի համանախագահ: Այս տեղեկությունը ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Նորաստեղծ խորհուրդը, ինչպես հաղորդվում է, նպատակ ունի ներմուծվող սարքավորումների փոխարինման հաջողված պրակտիկան ընդհանրացնել, ներմուծման փոխարինմանն աջակցելու համար թվային ծառայություններ ստեղծել և օրենսդրական կարգավորումներ նախաձեռնել։

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Կանադան և Ճապոնիան մի շարք պատժամիջոցներ են սահմանել Տիխոնովայի եւ Պուտինի մեկ այլ ենթադրյալ դստեր՝ Մարիա Վորոնցովայի նկատմամբ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան անպայման կպատասխանի Պուտինի դուստրերի դեմ պատժամիջոցներին՝ այդպիսով առաջին անգամ անուղղակի հաստատելով Տիխոնովայի և Վորոնցովայի կապը Ռուսաստանի նախագահի հետ։

Տիխոնովան «Իննոպրակտիկա» հիմնադրամի ղեկավարն է, ինչպես նաև Մոսկվայի Պետական համալսարանի բարդ համակարգերի մաթեմատիկական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենը, գլխավորում է նաև Մոսկվայի Պետհամալսարանի Արհեստական ինտելեկտի և խելացի համակարգերի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտը:

XS
SM
MD
LG