Մատչելիության հղումներ

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույցում քննարկել են նաև իրավիճակը հետխորհրդային տարածքում


Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալքսանդր Լուկաշենկոն այսօր հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով միութենական պետության պաշտպանությունը, Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքը, մի շարք տնտեսական հարցեր, այդ թվում՝ Կալինինգրադի տրանզիտը։ Գլխավոր թեմաներից մեկը վերաբերել է ռուսական էներգակիրների Եվրոպա մատակարելու խնդիրներին։

Հեռախոսազրույցի մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, նշելով, որ երկու ղեկավարները «հանգամանալից կանգ են առել նաև հետխորհրդային տարածքի իրավիճակի վրա»։

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած Տելեգրամ կանալը հայտնում է, որ Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցը 40 րոպե է տևել։

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հեռախոսազրույցում քննարկվել են երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության հրատապ հարցերը։

«Բացի դրանից, շեշտադրումներ են կատարվել Կալինինգրադի մարզ ապրանքերի տրանզիտի իրավիճակի վրա` կապված Լիտվայի մտցրած անօրինական սահմանափակումների հետ։ Այդ համատեքստում քննարկվել են համատեղ քայլերի որոշ հնարավորություններ» ,- հայտնում է Կրեմլը։

XS
SM
MD
LG