ՄԱԿ-ի տվյալներով՝ նախքան Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա աշխարհում բռնի տեղահանվածների թիվը հասնում էր 89 միլիոնի: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ասում է՝ Ուկրաինայից մարդկանց զանգվածային արտագաղթի հետևանքով այդ թիվն այժմ գերազանցում է 100 միլիոնը:
«Թեև այժմ մենք բոլորս կենտրոնացած ենք Ուկրաինայի վրա, բայց նախքան Ուկրաինան, այլ ճգնաժամեր էլ են եղել», - նշել է Գրանդին։
Ըստ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության նոր զեկույցի՝ 2021-ին աշխարհում տեղահանված մարդկանց շուրջ 70 տոկոսը այդ կարգավիճակում հայտնվել է Սիրիայի, Վենեսուելայի, Աֆղանստանի, Հարավային Սուդանի և Մյանմայի հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով։
Աֆղանստանում շուրջ 24 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ Երկրի տնտեսությունը քայքայված է, իսկ թալիբները ավելի ու ավելի շատ սահմանափակումներ են ստեղծում կանանց և աղջիկների համար: Ըստ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության՝ այս սահմանափակումներն ու ճնշումներն են դրդել են 2,7 միլիոն աֆղանցիների լքել երկիրը։
Աֆղանստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության խոսնակ Փիթեր Քեսլերն ասում է. - «Օրական մինչև 20 հազար մարդ հատում է սահմանը՝ երբեմն վիզայով, բայց մեծ մասը՝ առանց վիզայի և առանց փաստաթղթերի»։
Շատերը տեղափոխվում են հարևան երկրներ։ Լեհաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության խոսնակ Ռաֆալ Կոստրժինսկին ասում է՝ ավելի քան մեկ միլիոն ուկրաինացիներ այժմ ապաստան են գտել հենց հարևան Լեհաստանում։
«Հակամարտությունից փախչող մարդիկ հեռու չեն գնում՝ այլ հակառակը, որպեսզի կարողանան հնարավորինս շուտ վերադառնալ տուն», - ընդգծել է Կոստրժինսկին։
2021 թվականին միայն շուրջ 6 միլիոն ներքին տեղահանվածներ և փախստականներ են վերադարձել տուն կամ իրենց ծագման վայր։ Այս տարի՝ Փախստականների համաշխարհային օրվան ընդառաջ, ամենաառանցքային հարցը ապահովություն փնտրելու իրավունքն է։ Տնտեսապես զարգացած երկրների մեծ մասը, թերևս, ջերմությամբ չի ընդունում փախստականներին և ապաստան հայցողներին։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հույս ունի՝ այդ երկրներն այժմ հասկանում են, որ մարդիկ ռումբերից են փախչում։
«Մարդիկ փախչում են, քանի որ վախենում են։ Ոչ միայն Ուկրաինայից, Սիրիայից և Տիգրայից մարդիկ ևս ռումբերից էին փախչում: Սահելում մարդիկ փախչում են թե՛ ռումբերից, թե՛ դաժան հարձակումներից: Այդ առումով, անապահովության ու վախի զգացումը նույնն է՝ անկախ նրանից՝ ուկրաինացի ես, թե նիկարագուացի», - ընդգծել է Ֆիլիպո Գրանդին։
Նկարչուհի Իրինա Մորիկվասը որդու հետ Ուկրաինայից հեռացել է նույն պատճառով. - «Մենք մեզ հետ վերցրեցինք միայն մեր ամենակարևոր իրերը ու հատեցինք սահմանը»։
Իրինա Մորիկվասն այժմ բնակվում է Նիդեռլանդներում և համագործակցելով ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի հետ՝ ստեղծել է այս տարվա Փախստականների համաշխարհային օրվան նվիրված Twitter-ի էմոջիները։
«Երբ մենք մեր տան դռները բացում ենք մարդկանց, օրինակ՝ փախստականների առաջ, ովքեր օգնության կարիք ունեն, մենք բացում ենք մեր սիրտը, քանի որ տունը ընտանիքի սիրտն է», - ասում է նկարչուհին:
Աշխարհում տասնյակ միլիոնավոր փախստականներ և տեղահանված մարդիկ նույնպես հույս ունեն ապահով ապաստան և ջերմ ընդունելություն գտնել։