Անկարան Մադրիդում ձեռք բերված համաձայնության շրջանակում պնդելու է, որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան արտաքսեն Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող 33 անձանց: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Նոր համաձայնագրի շրջանակում մենք հասնելու ենք այդ երկրներից ահաբեկիչների արտահանձնմանը», - հայտարարել է թուրք նախարարը։
Երեկ Մադրիդում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների ստորագրած եռակողմ հուշագրում նշվում է, մասնավորապես, որ Հելսինկին և Ստոկհոլմը հանձնառու են օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում։ ՆԱՏՕ-ի անդամակցությանը ձգտող սկանդինավյան զույգը նաև խոստացել է քննարկել մի խումբ քուրդ ակտիվիստների արտահանձնման՝ թուրքական կողմի խնդրանքները։ Այս խոստումների դիմաց Անկարան համաձայնել է չկիրառել իր վետոյի իրավունքը ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի միանալու հարցում: