Վարչապետի շարասյունն ուղեկցող Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) ավտոմեքենայի վարորդը, որ ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի կնոջը, ազատ է արձակվել ձերբակալությունից։
Վարչապետին ուղեկցող ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը ձերբակալվել էր երեկ, երբ Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրան կալանավորելու։
Դատարանը, սակայն, որոշել է չկալանավորել Նավասարդյանին, որը մեղադրվում է երկու հոդվածներով՝ պատահարի վայրը թողնելու, ինչպես նաև երթևեկության կանոնները խախտելու համար։
Փաստաբան Ռուբեն Բալոյանը փոխանցեց, որ Նավասարդյանը սկզբում մեղադրվում էր միայն երթևեկության կանոնները խախտելու հոդվածով, երեկ արդեն դատարանի ցուցումով քննիչը երկրորդ մեղադրանքն է առաջադրել, ինչի հետ փաստաբանը համաձայն չէ։
Բալոյանը պնդում է, որ իր պաշտպանյալը մեղավոր չէ՝ Նավասարդյանը դեպքի վայրը չի լքել, արագությունն էլ չի գերազանցել։ Մինչդեռ 29-ամյա հղի կնոջ ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը չի ընդունում մյուս կողմի պնդումները, ասում է՝ որտե՞ղ է գրված, որ մարդուն վրաերթի ենթարկելուց հետո շարասյունը պետք է շարունակի իր ճանապարհը։ Նա նաև պնդում է, որ հղի կնոջն անօգնական են թողել ու հեռացել։