Ոստիկանության զորքերի, Ոստիկանության՝ ընդհանուր առմամբ, գործառույթը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանել է, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձանագրելով՝ այս գործառույթը կատարվել է բարձր մակարդակով և ճշգրտորեն:
Վարչապետն այսօր Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում էր՝ զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով։
Ոստիկանությունը, ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողնաշարն է, Ոստիկանության զորքերն էլ Ոստիկանության ողնաշարը, ասել է գործադիրի ղեկավարը։
Նա շեշտել է, որ Ոստիկանությունը, Ոստիկանության զորքերը՝ մասնավորապես, անընդհատ և հետևողականորեն ցույց են տալիս իրենց ամրությունը, իրենց վճռականությունը, հաստատակամությունը և նվիրվածությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգին, Սահմանադրությանը և ժողովրդին և սա գնահատանքի արժանի ծառայություն է։
Ընդգծելով, որ ոլորտի բարեփոխումների շատ կարևոր ճանապարհ պիտի անցնեն՝ գործադիրի ղեկավարն ասել է՝ այդ բարեփոխումների կարևորագույն և անկյունաքարային դրույթներից մեկը պիտի լինի Ոստիկանության և Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների հարցը։
«Այդքան գնահատելի ծառայություն իրականացնող մարդիկ և նրանց ընտանիքները պիտի ունենան սոցիալական որոշակի, վստահելի երաշխիքների համակարգով ապահովվածություն: Նույնը վերաբերում է մեր իրավակարգին, պետական կարգի, անվտանգության ապահովման բոլոր ծառայություններին: Մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով», - ասել է Նիկոլ Փաշինյանը: