Մատչելիության հղումներ

Վարչապետի մոտ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանը կարևորել է ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացումն ու ոստիկանության ծառայողի նոր կերպարի ձևավորումը:

«Ոստիկանությունում ծառայությունը պետք է դարձնել գրավիչ և համակարգն ապահովել բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրերով»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ընդգծելով նաև սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության հսկողությանը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ քաղաքականությունը պետք է լինի ոչ թե քաղաքացիներին տուգանելը՝ այլ կանոնների խախտման կանխարգելման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

«Մեր այս ծրագիրը մեծ կարևորություն ունի, և ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ այն իրականացնենք նախանշված ժամկետներում»,- նշել է վարչապետը:

Մանրամասն ներկայացվել են բարեփոխումների շրջանակում 2020-2022 թվականներին նախատեսվող գործողությունները: Բարեփոխումների առանցքում են լինելու Ներքին գործերի նախարարության ու պարեկային ծառայության ստեղծումը:

Ռազմավարությամբ առաջարկվում է բարեփոխումների հետևյալ առաջնահերթ ուղղությունները. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում, պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, նախաքննության արդյունավետության բարձրացում, հասարակական կարգի պահպանություն, համայնքային ոստիկանության վերաիմաստավորում, ոստիկանությունում ծառայության գրավչություն, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացում, մարդու իրավունքների պաշտպանության բարելավում, թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG