Մատչելիության հղումներ

ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված. Փաշինյանը՝ Գերմանիայի դեսպանին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին, որի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակի շուրջ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներին:

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հիմնախնդրի կարգավորման և ՀՀ կառավարության հռչակած խաղաղության օրակարգի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և այն պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Հայաստանի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ անձանց վերադարձի, ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության խնդիրներին:

Վիկտոր Ռիխտերը ԳԴՀ կառավարության աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:

Վարչապետն ընդգծել է Գերմանիայի հետ հարաբերությունների կարևորությունը՝ վստահություն հայտնելով, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակն էլ ավելի առաջ կմղի փոխշահավետ գործակցությունը:

Դեսպան Ռիխտերն իր հերթին նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և վերահաստատում է իր օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին:

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական կապերի խորացման հեռանկարները: Գոհունակություն հայտնելով երկկողմ օրակարգի շրջանակում իրականացվող ծրագրերից՝ Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ինտենսիվ գյուղատնտեսությունը ևս: ԳԴՀ դեսպանը ողջունել է վարչապետի առաջարկը և հիշատակել նաև ՓՄՁ, էներգետիկայի, ջրային տնտեսության, էլեկտրոնային կառավարման, ֆինանսական և այլ ոլորտներում համատեղ ծրագրերը: Երկուստեք կարևորվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG