Մատչելիության հղումներ

Նարեկ Մալյանին աղբամանը նետելու գործով մեղադրյալները 3 տարվա քննությունից հետո արդարացվել են


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբամանը նետելու գործով մեղադրյալները երեք տարվա քննությունից հետո արդարացվել են։

Օրերս դատավոր Դավիթ Հարությունյանն իր վճռով, ըստ էության, հերքել է քննչական մարմնի ու դատախազության դիրքորոշումը, թե 2019 թվականին «Ռեսթարտ» երիտասարդական նախաձեռնության 6 անդամները Ամիրյան փողոցում առևանգել են Մալյանին։

Ըստ մեղադրականի, երիտասարդները, բռնություն գործադրելով, փորձել են բացահայտ առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով։

«Ճիշտն ասած մեր համար մի քիչ անկանխատեսելի էր ելքը, որովհետև ընդհանուր առմամբ բավականին ընդհատումներով ու բարդ գործընթաց տեղի ունեցավ էս ամբողջ ընթացքում. մի քանի դատավոր փոխվեց, ընդհանուր առմամբ 600 էջանոց «գործը» տևեց մոտ 3,5 տարի, դատերը ուշ-ուշ էին նշանակվում ու մի քիչ մշուշոտ էր: Բայց երբ որ ադեն պարզվեց, թե ինչ փաստական հիմքերի վրա է մեղադրանքը առաջադրվում, մասնավորապես, հիմնականում ապացույցների հետազոտման փուլից հետո, փաստաբաններն արդեն մեզ հուշում էին, որ հնարավոր է՝ գործը գնում է արդարացման, որովհետև այն մեղադրանքը, որը առաջադրված է մեզ, էդ մեղադրանքի հաստատման համար որևիցե փաստական հիմք չկա», - ասաց «Ռեսթարտ» երիտասարդական նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը:

Կրթության ոլորտում գործունեություն ծավալող «Ռեսթարտ» երիտասարդական նախաձեռնության անդամներ Յուրի Ավագյանն ու ընկերները Նարեկ Մալյանին աղբամանը նետելու իրենց գործողությունը բացատրել էին իրենց հասցեին հնչեցրած հրապարակային հայհոյանքներով։ Այս դեպքից հետո համացանցում հայտնվեց «աղբի տեղը աղբամանում է» հեշթեգը։

«Ռեսթարտի» 27-ամյա տնօրենն ընդգծում է՝ իրենք որևէ անձի պատժելու նպատակ չեն ունեցել, պարզապես Մալյանի տևական հայհոյանքներից հետո են որոշել ցույց տալ, որ հայհոյանքի տեղը աղբամանում է. - «Քանի որ այն ժամանակվա կենտեքստում մենք արդեն վերլուծել էինք, թե ինչ է լինելու հետագայում և այդպես էլ եղավ: Որպես արդյունք եղավ այն, որ հայհոյանքը դարձավ քաղաքական սովորական գործիք, եղավ այն, որ հասարակության մեջ ատելության մթնոլորտը հենց այդ հայհոյանքների պատճառով սրվեց, խորացավ»:

Երիտասարդների փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքով, թեև Մալյանի կամքին հակառակ են երիտասարդները նրան փորձել գցել աղբամանը, բայց դա առևանգում չէ։ Առևանգումն այն է, երբ քաղաքացուն իր կամքին հակառակ տեղափոխում են և պահում որևէ վայրում, բայց նրան այլ վայրում իր կամքին հակառակ պահելու մտադրություն տղաները չեն ունեցել։

Փաստաբանը հավելում է, որ թեև գործով հաստատվել է, որ Մալյանին նետելու էին աղբամանը, բայց կարծում է, որ դատավորը ևս համաձայն էր, որ այս դրվագով հանցակազմ չկա։

«Պետք էր առևանգեին-տանեին՝ պահելու նպատակով, եթե չկա այդ պահելու նպատակը, դա որևէ դեպքում առևանգում չի կարող համարվել, որովհետև օբյեկտիվ կողմը չկա: Այստեղ օբյեկտիվ կողմից գոնե պահելը չկա, որ ցանկանում էին պահել, այսինքն՝ օբյեկտիվ կողմը այդ արարքն է, գործողությունների շղթան», - նշեց Մեժլումյանը:

Արդյո՞ք քաղաքացուն իր կամքին հակառակ բռնելը, տեղափոխելն ու աղբամանը գցելու փորձը, այնուամենայնիվ, արժանապատվության նսեմացում կամ խուլիգանություն չէ։ Յուրի Ավագյանը հակադարձում է. - «Աղբամանը նետելու վերաբերյալ վատ գնահատական կլիներ տալ այն ժամանակ, երբ որ օրինակ՝ տուժողն ունենար հոգեբանական որոշակի տրավմաներ, մարմնական վնասվածքներ, երբ առհասարակ ինչ-որ բան ֆիզիկապես կամ հոգեպես պատահեր տվյալ անձի հետ, բայց այդպիսի բան չի եղել: Տվյալ անձը մի բան էլ ասել է՝ «ես եմ իրանց հարվածել», տվյալ անձը հոգեկան ինչ-որ ուրիշ ապրումներ չի ունեցել, որովհետև և՛ այդ ժամանակ ոստիկանության բաժնում, և՛ դրանից հետո իր լայվելում նույն գործելաոճը շարունակել է: Այսինքն՝ որպես այդպիսին մենք անձին վնաս չենք պատճառել»:

Նարեկ Մալյանի փաստաբանը, որ 4 տարվա ազատազրկում էր պահանջել երիտասարդների համար, չցանկացավ մեկնաբանել դատավճիռը։ Գլխավոր դատախազությունից էլ փոխանցում են՝ վճիռն ուսումնասիրելուց հետո կորոշեն՝ այն բողոքարկում են վերաքննիչ ատյան, թե՝ ոչ։

XS
SM
MD
LG