Մատչելիության հղումներ

40 օրվա ընթացքում 2 մահ՝ ղեկին. որքանով է վերահսկվում և ստուգվում հանրային տրանսպորտի վարորդների առողջական վիճակը


Ամեն օր երևանում հարյուրավոր ավտոբուսներ և միկրոավտոբուսներ են դուրս գալիս երթուղի՝ տեղափոխելով հազարավոր մարդկանց։ Իսկ որքանով է ստուգվում, թե առողջական ի՞նչ վիճակում են վարորդները սկսում աշխատանքը: Այս հարցը առավել հրատապ դարձավ մայիսի 5-ին, երբ Քանաքեռում 51 -ամյա վարորդ Կարեն Ապրիկյանը հանկարծամահ եղավ ավտոբուսի ղեկին:

Ականտեսները պատմում են՝ կանգառում կանգնած պահին է վարորդը վատ զգացել, ողբերգությունն ավելի մեծ կլիներ, եթե ավտոբուսը ընթացքի մեջ լիներ:

Վերջին 40 օրվա ընթացքում սա Երևանում արդեն երկրորդ նման դեպքն է: Նախորդ ողբերգական դեպքը մարտի 28 -ին էր, 77 համարի «Գազելի» 63- ամյա վարորդը դարձյալ մահացել էր ղեկին Հաղթանակ թաղամասում, ընթացքում բախվելով այլ մեքենայի: Այս դեպքում էլ այլ մարդիկ չեն տուժել: Իրար հաջորդող երկու դեպքերը հարց են բարձրացնում՝ որքանո՞վ է վերահսկվում և ստուգվում, թե ի՞նչ առողջական վիճակով են վարորդները նստում մեքենայի ղեկին:

Վաղ առավոտյան՝ ավտոբուսների երթուղի դուրս գալու մեկնարկին անակնկալ այցելեցինք քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Երևանի ավտոբուսի պարկ։ Բուժաշխատողի վերնահագուստով կինը մեկը մյուսի ետևից ստորագրում էր վարորդների թերթիկները և լրացնում մատյանը․ վարորդների ճնշումը չափող, կամ սթափությունը ստուգող սարք, սակայն, չկար, վարորդները խմբերով արագ մտնում էին, ստորագրում և դուրս գալիս: Որևէ մեկի ճնշումը այդպես էլ չչափվեց:

Տեղում թերթիկները կնքողները նեղսրտած և բարձր տոնով մեզ խորհուրդ էին տալիս այցելել միայն նախապես պայմանավորվելուց հետո, մի քանի օրից, պահանջում էին հեռանալ տարածքից ու չխանգարել կամ՝ գնալ դիմացի ավտոպարկ: Դիմացի ավտոպարկում, որտեղ վարդագույն ավտոբուսներն ու «Գազելներն» էին կայանած, արդեն տպավորություն էր, որ մեր նկարահանող խմբին սպասում են, առանց հարցերի արագ ուղեկցեցին բուժկետ, որտեղ ճնշում չափող սարք կար, բայց ստուգման եկող վարորդներն էին հատուկենտ: Բուժակ Աննա Արիստակեսյանը բացեց մատյանը՝ մինչ մեր այցը ասաց՝ 50 վարորդի էր գրանցել, որևէ մեկի անվան դիմաց, սակայն, արձանագրված չէր ճնշման որևէ ցուցանիշ:

Իսկ ինչպե՞ս են ստուգում վարորդների սթափությունը. «Ես գերզգայուն եմ, իմ գերզգայունությամբ, որ հիմա ստորագրում են, տեղում զգում եմ»:

Սթափություն ստուգող սարքը բուժակն ասաց՝ փչացել է մոտ երկու շաբաթ առաջ. «Ապարատը փչացել ա, պետք ա նորը բերեն»:

Վարորդների գրաֆիկն ավելի մարդկային դարձնելուց բացի, կարևոր է բժշկական պարտադիր ապահովագրություն ներդնել. Տիգրան Քեյան

«Վարորդի ընկեր» Հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն ասում է՝ որևէ տեղ՝ ոչ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Երևանի աբտոբուս ընկերությունում, ոչ էլ առավել ևս մասնավորի մոտ սթափությունը ստուգող սարք չկա, առողջական վիճակի զննումն էլ հիմնականում ձևական է:

Խնդիրը, սակայն, ոչ միայն առավոտյան ստուգումներն են, Քեյանի խոսքով, Երևանի երթևեկությունը կարող է կաթվածի հասցնել անգամ առավոտյան նորմալ ճնշումով աշխատանքի եկած մարդուն, ավելի կարևոր է, որ համակարգն այնպես բարեփոխվի, որ վարորդների առողջությունը չքայքայվի անմարդկային գարֆիկի պատճառով, նրանք ունենան նորմալ աշխատանքային պայմաններ և ընդմիջման հնարավորություն:

«Շատ ծանրաբեռնված են աշխատում, հանրային տրանսպորտի վարորդները առավոտյան ժամը 8-ից մինչև գիշերվա 12-ը աշխատանքի պրոցեսի մեջ են, խցանումների, ներվային տրոպկեքի, կարող ա առողջ մարդը էդ իր աշխատանքը կատարելուց հասնի ինֆարկտային վիճակի», - «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը:

Քաղաքապետարանի վարորդների աշխատանքային գրաֆիկը, սակայն, դեռ վատթարագույնը չէ. Երևանի ավտոբուս ընկերության վարորդներն աշխատում են մեկ ամբողջ օր՝ առնվազն 16 ժամ, հաջորդ օրը հանգստանում, պարտավորված չեն նաև վճարել այսպես կոչված «գծի պլանը» և կայուն աշխատավարձ են ստանում՝ 250 հազարից 350 հազար դրամ: Մասնավոր ընկերություններում աշխատանքային պայմաններն ավելի վատ են:

Մեր զրուցակիցը, որ չցանկացավ ներկայանալ, 11 տարի աշխատել է մասնավոր գծատերերի մոտ: Հանգստյան օրեր կամ հերթափոխ չեն ունեցել, իր և գործընկեր վարորդների առողջական վիճակով ասում է՝ անգամ մեկ օր չեն հետաքրքրվել:

«Եթե մեքենան կանգնեց հինգ օր, հինգ օրվա գծի փողը քեզանից էր վերցվում, ուզում եք հիվանդ մեռեք, մեկ ա փողը պիտի տայիք», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով՝ վարորդների գրաֆիկն ավելի մարդկային դարձնելուց բացի, կարևոր է բժշկական պարտադիր ապահովագրություն ներդնել. «Ով հնարավորություն ունի, էդ մարդն ա անցնում, իսկ ով հնարավորություն չունի, որքան կարում ա, էդքանով գոյատևում ա մինչև դանակը հասնի ոսկորին»:

Երևանի քաղաքապետը մի քանի օր առաջ նոր տրանսպորտային համակարգին անցնելու վերաբրեյալ իր գրառման մեջ նշել էր, որ այս տարի առաջին անգամ վարորդներին տրամադրվել է առողջապահական ապահովագրության փաթեթից օգտվելու հնարավորություն, սակայն մեր զրուցակից վարորդներից որևէ մեկը դրանից դեռ չէր օգտվել:

XS
SM
MD
LG