Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները ժամանել են Կիև


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Լեհաստանից Կիև մեկնող գնացքում, 16-ը հունիսի, 2022թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Լեհաստանից Կիև մեկնող գնացքում, 16-ը հունիսի, 2022թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այսօր ժամանել են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Պետությունների ղեկավարներն Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել գնացքով։ Կիևում գնացքից իջնելով՝ Մակրոնն ասել է, որ այցելելու են նաև ռուսական զորքերի գործողություններից տուժած վայրեր։ «Սա կարևոր պահ է: Սա ուղերձ է ուկրաինացիներին եվրոպական միասնության մասին», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Associated Press-ի փոխանցմամբ՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն ավելի ուշ կմիանա քաղաքական գործիչներին։

Այցը խորհրդանշական մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ արևմտաեվրոպական երեք տերությունները հաճախ են բախվում քննադատության՝ Ուկրաինային Զելենսկու պահանջած սպառազինությունը չտրամադրելու համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու նրանց պատրաստակամությունը նույնպես հաճախ է քննադատվում։

Եվրոպացի առաջնորդները Կիև են ժամանել հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի, ինչպես նաև հունիսի 29-30-ը Մադրիդում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին: Ֆրանսիան ներկայումս նախագահում է Եվրամիությունում։

XS
SM
MD
LG