Մատչելիության հղումներ

Բելառուսը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը


Մինսկը պատրաստակամ է ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական ապրանքաշրջանառության ծավալները, այսօր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում:

Բելառուսի ԱԽ պետական քարտուղարը Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Մինսկ։

Վոլֆովիչը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների (ՀԱՊԿ ԱԽ) քարտուղարների կոմիտեի հերթական նիստը վաղն է՝ Երևանում։ Նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը և անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, այլ հարցեր:

XS
SM
MD
LG