Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Կիևին զենքի մատակարարումների առումով Գերմանիան աշխարհի առաջատարներից մեկն է։ «Քչերն են Ուկրաինային այնքան սպառազինություն տրամադրել, որքան Գերմանիան», - հայտարարել է դաշնային կառավարության ղեկավարը Լիտվա կատարած այցի ընթացքում։
«Գերմանիան Ուկրաինայի գլխավոր աջակիցներից մեկն է։ Որևէ մեկը մեր չափ զենք ուկրաինացիներին չի տրամադրել։ Կան, իհարկե, որոշ երկրներ, որոնք ավելին են անում, առաջին հերթին Միացյալ Նահանգները, սակայն Գերմանիան ևս մեծածավալ ներդրում ունի այս գործում։ Մենք Ուկրաինային հակատանկային սպառազինություն, հակաօդային պաշտպանության համակարգեր, մեծ ծավալի զինամթերք ենք տրամադրել», - հայտարարում էր Օլաֆ Շոլցը։
Պատերազմի սկզբից ի վեր պաշտոնական Կիևը պնդում է, որ Գերմանիան բավարար աջակցություն չի ցուցաբերում Ուկրաինային։ Նախօրեին այս մասին էր խոսում Ուկրաինայի նախագահի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիչը՝ պնդելով, որ Բեռլինը մինչ օրս Կիև չի ուղարկել ամիսները առաջ խոստացված 5000 զինվորական սաղավարտները։