Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավորության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին», - նշել է նա:
34-ամյա Ռևազյանը Քաղավիացայի կոմիտեն ղեկավարեց ուղիղ չորս տարի։ Նա այս պաշտոնին նշանակվել էր Փաշինյանի իշխանության գալուց հետո` 2018 թվականի հուլիսին՝ Դանիայից տեղափոխվելով Հայաստան։
«Երբ 2018 թվականին ես միացա Քաղաքացիական ավիացայի կոմիտեին, գլխավոր նպատակս էր Հայաստանը դարձնել ներդրողների համար գրավիչ ուղղություն: Քովիդ-19-ի ի հայտ չգալու պարագայում ուղևորահոսքերի ակնկալվող աճի տեմպերը Հայաստանը կդասեին աշխարհում աճի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում», - նշել է նա:
Ռևազյանը, որ Նիկոլ Փաշինյանի կաբինետի հատուկենտ կին պաշտոնյաներից էր, աշխատանքից ազատվելու պատճառների մասին ոչինչ չի գրել։ Երեք օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում նա մասնակցում էր հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna ընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը: Շեշտել է, թե հեռանում է դրական էմոցիաներով և որևէ մեկի հետ տարաձայնություններ չունի։
«Որոշել եմ շուտով կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ»,- գրել է Ռևազյանը։
Կվերադառնա Եվրոպա, թե կշարունակի ապրել Երևանում, նա չի մանրամասնել:
«Այժմ ևս ենթադրում եմ կլինեն իմ հրաժարականի պատճառների հետ կապված հոլիվուդյան մոտիվներով համեմված կեղծ լուրեր և բամբասանքներ։ Ես աշխատանքից դուրս եմ գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունեմ միջանձնային որևէ տարաձայնություն:
Խնդրում եմ թեթև տանեք և չհավատաք», - նշել է նա:
Տաթևիկ Ռևազյանին հաջողվե՞ց քաղավիացիայի ոլորտում վերջին չորս տարվա ընթացքում բարեփոխումներ անել. ոլորտի նախկին պատասխանատու Շահեն Պետորսյանը դժվարանում է առանձնացնել։ Ամենավատ բանը, որ եղավ, Եվրամիության սև ցուցակում Հայաստանի հայտնվելն էր, ասում է Պետրոսյանը։
«Վատ բանն, ինչ որ տեղի է ունեցել իր օրոք, ոչ թե իր մեղքով, այլ իր օրոք, սև ցուցակում Հայաստանի հայտնվելն է` հայկական ավիաընկերությունների` սև ցուցակում, որն իր մեղքով չի եղել, ուղղակի իր մեղքը նրանում է եղել, որ ինքը հետևողական չի եղել ու չի վերահսկել այն, ինչ որ նախկինում տեղի է ունեցել», - ասաց նա:
Ռևազյանի պաշտոնավարման երկրորդ տարում Եվրահանձնաժողովը Հայաստանում գրանցված մի քանի ավիաընկերություններ ընդգրկել էր Եվրամիության սև ցուցակում` զրկելով նրանց դեպի Եվրոպա թռիչքների հնարավորությունից։ Այդ ավիաընկերություններն, ըստ Եվրահանձնաժողովի, չէին համապատասխանում օդային անվտանգության միջազգային չափանիշներին։
Եվրահանձնաժողովը դրանից ամիսներ առաջ էր ոլորտի խնդիրներն արձանագրել ու սկսել ուժեղացված վերահսկողությունը Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ։
«Տաթևիկի գործունեություն միակմ ֆունկցիան կարևորագույն վերահսկողությունն է այնտեղ, որ ինքը պետք է աներ, չի իրականացրել այդ վերահսկողությունը», - նշում է Պետրոսյանը:
Այդուհանդերձ, Շահեն Պետրոսյանն առանփնացնում է մեկ դրական փոփոխություն` Հայաստանն ազգային փոխադրող ունեցավ. «Դրականը ես կարող եմ համարել, որ իր օրոք Fly Arna-ն իրականացավ վերջապես, բայց նորից իր այսպես ասած` ֆունկցիայի մեջ դա չի մտնում, դա մասնավոր ընկերություն է, իր շահերից ելնելով ինքը` Air Arabia-ն նման համագործակցություն ունի տարբեր երկրներում»:
Ռևազյանի պաշտոնավարման ընթացքում դեպի Հայաստան սկսեցին թռիչքներ իրականացնել եվրոպական մի քանի լոուքոսթերներ։ Դրանցից որոշները, սակայն, համավարակի ընթացքում դադարեցրին թռիչները։ «Ազատությանն» այսօր չհաջողվեց զրուցել Ռեւազյանի հետ, նա մեր զանգերին չարձագանքեց, Քաղավիացիայից փոխանցեցին, որ հանդիպումներ ունի, և շեշտեցին, որ ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Տաթևիկ Ռևազյանը հղիության և ծննդաբերության արձակուրդում էր, նրան փոխարինում էր տեղակալը՝ Միհրան Խաչատրյանը։ Արձակուրդն օրերս է լրացել։ Թե ով կնշանակվի այս պաշտոնում, այս պահին անուններ դեռ չեն հայտնում: