Մատչելիության հղումներ

Բեռլինի վրաերթի հայազգի կասկածյալը հոգեկան խնդիրներ ունի․ գերմանական աղբյուրներ


Նախօրեին Բեռլինում տեղի ունեցած զանգվածային վրաերթի կասկածյալը ազգությամբ հայ, Գերմանիայի և Հայաստանի երկքաղաքացիություն ունեցող, Գոռ անունով 29-ամյա տղամարդ է։ Նրա վարած մեքենայում հայտնաբերվել են Թուրքիային վերաբերող պաստառներ։ Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահների փոխանցած տվյալները։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ առավոտյան ժամերին Գերմանիայի մայրաքաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ Շարլոտենբուրգ թաղամասում: Վարորդը մեքենայով վրաերթի է ենթարկել անցորդներին, որոնց մեծ մասը դպրոցականներ էին իրենց ուսուցիչների հետ։ Նրանք Բեռլին էին եկել Հեսսեն նահանգից: Ուղեկցող ուսուցչուհիներից մեկը տեղում մահացել է, ևս մեկ ուսուցիչ էլ ծանր վնասվածքներ է ստացել, տուժել են բազմաթիվ դպրոցականներ․ յոթ մարդու կյանքի վտանգ է սպառնում, ևս երեքը ծանր վնասվածքներ ունեն։

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ «ռենո» մակնիշի արծաթագույն մեքենան նախ մխրճվել է հետիոտների մեջ, բախվել սրճարանի սեղաններին, ապա տարածքում գտնվող խանութի ցուցափեղկերին։ Վարորդին տեղում վնասազերծել են անցորդները և հանձնել իրավապահներին։ Bild-ը, վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ մինչ դեպքի վայր ժամանած փրկարարները փորձում էին առաջին օգնություն ցուցաբերել վիրավորներին, ոստիկանների կողմից բերման ենթարկվող Գոռն ինքն էր բացականչում. «Խնդրում եմ՝ օգնեք, խնդրում եմ՝ օգնեք»։

Reuters-ի հետ զրույցում ականատեսները այլ մանրամասներ էլ են ներկայացրել։

«Նրան շրջապատել էին հինգ կամ վեց տղամարդիկ, որպեսզի չկարողանա փախչել: Ինքն էլ էր վիրավորված, վերք ուներ գլխին և անընդհատ ասում էր՝ կներեք, կներեք, ես սա չէի ուզում, կներեք »,- պատմել է հրշեջ ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մարկուս Լեպմայերը՝ շարունակելով. «․․․ որոշ ժամանակ անց հայտնվեց միայնակ ոստիկան, մարդիկ բղավում էին՝ «նա այնտեղ է, նա է հարձակվողը»։ Ես հարցրեցի ոստիկանին՝ օգնություն պե՞տք է, դու միայնակ ես, նա պատասխանեց՝ «այո»։ Մենք վազեցինք դեպի ADIDAS-ի խանութը, որտեղ հանդիպեցինք շփոթված մի մարդու։ Ես ենթադրեցի, որ նա մոտ հիսուն տարեկան է, բայց հաղորդումներում այլ տարիք է նշված։ Նա շփոթված էր, և իմ աչքերում նա հարձակվող չէր, նա մոլորված մարդ էր։ Հետո ոստիկանությունը նրան ձեռնաշղթաներ հագցրեց»։

«Ես այնտեղ էի՝ բանկում, որպեսզի գումար հանեմ, բարեբախտաբար մի քանի քայլ հեռու։ Լսեցի մեքենայի անիվների ճռռոցը, մարդկանց բղավոցներ լսեցի, տեսա, թե ինչպես էին մարդիկ դեպի վերև շպրտվում, իսկ հետո մեքենան կանգնեց խաչմերուկի մեջտեղում։ Երկու-երեք վայրկյան հետո ամբողջ ուժով ճռռացող անվադողերով շարունակեց իր ճանապարհը, և նորից մարդիկ շպրտվեցին վերև»,- պատմել է ողբերգական վրաերթի ականատես Ֆրենկ Քրիստիանը։

Լրատվամիջոցը պարզել է, որ վարորդը բնակվում է միջադեպի վայրից ոչ հեռու։ Մեքենան պատկանում է նրա քրոջը։ Այդ միջադեպից առաջ, աղբյուրի համաձայն, գերմանահայ տղամարդն արդեն մեկ անգամ հայտնվել էր ոստիկանների տեսադաշտում, սակայն ոչ ծայրահեղական կամ կրոնական հայացքների հետ կապված։ Բեռլինի կառավարության ներքին գործերի, թվայնացման և սպորտի սենատոր Այրիս Սփրանգերի խոսքերով՝ մեքենայում հայտնաբերվել են Թուրքիային վերաբերող «պաստառներ», սակայն մինչ այս պահը ենթադրյալ հանցագործի շարժառիթները, այդ թվում՝ քաղաքական, հայտնի չեն։

Գերմանացի պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել Թուրքիային վերաբերող պաստառների բովանդակությունը, փոխարենը հավելել է, որ ոստիկանությունը «լուրջ հետաքննություն է իրականացնում» և անհապաղ կներակայացնի արդյունքները։ Սփրանգերը լրագրողների հետ զրույցում, ինչպես նաև թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ ըստ առկա տվյալների՝ վարորդը հոգեկան խնդիրներ ունի: Bild-ի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատել է նաև վարորդի քույրը, որի հետ լրատվամիջոցը զրուցել է նախօրեին։ Թերթը նշում է, որ տղամարդն ապրում էր մոր և քրոջ հետ, վերջինս եղբորը բնութագրել է որպես «լուրջ խնդիրներ» ունեցող անձ, իսկ հարևանները, ովքեր կազմվածքի պատճառով Գոռին կատակով անվանում էին «փոքրիկ կլոր մարդ», լրագրողներին պատմել են, որ նա միշտ ջերմորեն է շփվել իրենց հետ:

Զանգվածային վրաերթի կասկածյալի բնակարանում ոստիկանները երեկ կեսօրին խուզարկություն են իրականացրել, դրա ավարտին հայտարարել, որ պայթուցիկ կամ ծայրահեղական նյութ չեն հայտնաբերել: Պաշտոնական հայտարարություններում մինչ այս պահը դժբախտ պատահարի վարկածը չի հնչել։ Արյունալի միջադեպը տեղի է ունեցել այն նույն վայրում, որտեղ 2016 թվականի դեկտեմբերին «Իսլամական պետություն» խմբավորման աջակից, Թունիսի քաղաքացի Անիս Ամրին բեռնատարով վրաերթի էր ենթարկել Սուրբ Ծննդյան տոների առթիվ բացված փողոցային շուկայի այցելուներին։ Այդ հարձակման հետևանքով տասներեք մարդ էր զոհվել, ավելի քան հինգ տասնյակը վիրավորվել էին։

XS
SM
MD
LG