Մատչելիության հղումներ

Հայաստանցիների 44 տոկոսի կարծիքով՝ երկիրը սխալ ճանապարհով է գնում․ հետազոտություն


Հայաստանցիների միայն 17 տոկոսն է կարծում, որ երկրի ներքին քաղաքականությունը ճիշտ ուղու վրա է, մինչդեռ 44 տոկոսը վստահ է՝ երկիրը սխալ ճանապարհով է գնում. «Կովկասյան բարոմետր» 2021-ի հետազոտության հարցերից մեկն էր սա։

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանը նկատում է՝ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց՝ 2019-ին հարցվածների 67 տոկոսն էր համարում, որ երկիրը ճիշտ ուղով է գնում։ Փաստորեն 4 տարի անց այս ցուցանիշը 4 անգամ նվազել է։

«Այդ 17 տոկոսը հետզհետե մոտենում է նախորդ 19-ից նախորդող տարիների քանակին` մարդկանց տեսակարար կշռին», - ասաց Եզեկյանը։

Այդուհանդերձ նույն հետազոտությունը փաստում է նաև, որ հարցվածների մեծ մասը շարունակում է ապրել՝ «հույսը վերջում է մեռնում» սկզբունքով. 78 տոկոսը վստահ է՝ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու։

«Ի տարբերություն 2017-ի, երբ որ ընդամենը 47 տոկոսն էր այդպես կարծում, այսինքն՝ հետպատերազմյան իրավիճակ, բայց մարդիկ ավելի օպտիմիստ են։ Այստեղ կան իրարամերժ թվեր իրականում, որոնք կարիք ունեն լրացուցիչ վերլուծության», - ասաց Եզեկյանը։

Ուշագրավ բաժին կա անկախությունից հետո Հայաստանի չորս իշխանությունների և նրանց ձեռքբերումների ու ձախողումների մասին։

Ձեռքբերումներ և ձախողումներ

Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության հիմնական հաջողությունը, ըստ հարցվածների մեծամասնության, Արցախյան առաջին պատերազմում հաղթանակն է, ձախողումը՝ էներգետիկ ճգնաժամն ու սպառողական ապրանքների պակասը, կարճ ասած՝ մութ ու ցուրտ տարիները։

Ռոբերտ Քոչարյանի կառավարության հիմնական հաջողությունը տնտեսական աճն էր, ամենամեծ ձախողումը՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։

Սերժ Սարգսյանի կառավարությունը, ըստ հարցվածների 54 տոկոսի, հաջողություններ չի ունեցել, 5 տոսկն է միայն նշել՝ քաղաքական կայությունը։ Որպես ձախողում, նշվել է Ապրիլյան պատերազմը և Արցախում տարածքային կորուստը։

Նիկոլ Փաշինյանի կառավարության հիմնական հաջողություններ համարվել են կոռուպցիայի նվազեցումը և Հայաստանի ժողովրդավարական զարգացման հույս ներշնչելը։ Հարցվածների 54 տոկոսը, որպես Փաշինյանի կառավարման տարիների հիմնական անհաջողություն, նշել է պարտությունը Արցախյան պատերազմում։

Ռուսաստանի նկատմամբ վստահությունը շարունակում է նվազել

Ռուսաստանի նկատմամբ վստահությունը տարի առ տարի շարունակում է նվազել․ 2013-ի 83 տոկոսից հասել է 35 տոկոսի։ Միևնույն ժամանակ, հարցվածների 67 տոկոսը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար վատ իրադարձություն էր։

«Մարդիկ կարծում են, որ իրենք ԽՍՀՄ-ում ապրել են ավելի լավ տնտեսական պայմաններում, և եթե նայեք, այն մարդիկ, ովքեր համարում են, որ դա լավ է, այդ խումբը մարդկանց արդեն Հայաստանի անկախացումն է համարում որպես հիմնական ձեռքբերում», - ասաց Եզեկյանը։

Ամենակարևոր խնդիրը՝ խաղաղության պակասը

Ո՞րն է ներկա պահին Հայաստանի ամենակարևոր խնդիրը․ եթե 2012-ին, 2019-ին նշվում էր գործազրկությունը, ապա 2021-ին՝ երկրում խաղաղության պակասը։

Հայաստանցիների 39 տոկոսը կարծում է, որ արցախյան հարցում նպատակը պետք է լինի կորսված տարածքների վերադարձը։ Մոտ 30 տոկոսի կարծիքով՝ պետք է վերականգնել նախկին ԼՂԻՄ տարածքը, իսկ 25 տոկոսը մտածում է, որ պետք է պահպանել այսօրվա ստատուս քվոն։

Հետազատությունը մի քանի տասնյակ հարց է պարունակում, նպատակը՝ ուսումնասիրել տարածաշրջանում սոցիալական, քաղաքական, տնտեսական գործընթացների վերաբերյալ հանրային կարծիքը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG