Մատչելիության հղումներ

Հայաստանում շարունակում են կրճատվել ցորենի ցանքատարածությունները 


Հովհաննես Գաբոյանը Շիրակի մարզից է, մոտ 30 տարի զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Թեև այս տարի 45 հեկտար ցորեն է ցանել, բայց նրա խոսքով, կառավարություն աջակցությունը բավարար չէ՝ կանգնեցնելու երկրում ցորենի ցանքատարածությունների կրճատումը, նպաստելու պարենային անվտանգության առումով կարևոր այս մշակաբույսի բերքի ավելացմանը։

«Մեր մոտ անընդհատ ծախսերն ու վաճառքը չեն համապատասխանում իրար: Ճիշտ է՝ հիմա ալրաղացներ կան, հիմնականում եթե հարմար է, Լարսի անցակետը բաց է, Ռուսաստանից էժան գներով բերքահավաքի ժամանակ ներկրում են: Դա բիզնես է, ոչ մեկ չի կարող արգելել, թե ինչի է այդպես, բայց կառավարությունը իրա մտածելու տեղը կա, որ էս ֆերմերային տնտեսությունը, եթե իրա ցորենը քաղեց, կարկուտ է եղել կամ երաշտ է եղել, ցածր բերք է ստացել, էդ մարդը եթե իր ցորենը վաճառում է 100 դրամի կամ 110 դրամի, իրա ծախսերը չի փակում: Անպայման կառավարությունը այնպես պետք է անի, որ կամ գոնե կիլոգրամին պետք է սուբսիդիա տա մի 20-30 դրամ, որ էդ մարդը շահագրգռված լինի հաջորդ տարին էլ ցանի», - ասաց Գաբոյանը:

Նախորդ տարիներին երկու պատերազմների միջով անցած, կիսաշրջափակված Հայաստանում շարունակում են կրճատվել ցորենի ցանքատարածությունները, անկում է ապրել նաև բերքատվությունը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի, մշակաբույսի ցանքատարածությունը 2017-ին 82.4 հազար հեկտարից հասել է 59.1 հազար հեկտարի՝ 2021 թվականին, կամ կրճատվել է գրեթե մեկ երրորդով։

Եթե 2017-ին մեկ հեկտարից ստացվել է 2.1 տոննա ցորեն, ապա անցած տարի՝ 1.6 տոննա։ Բերքատվությունը անկում է ապրել շուրջ մեկ քառորդով:

Արդյունքում, եթե 2017 թվականին Հայաստանում ստացել են 176.4 հազար տոննա ցորեն, ապա անցած տարի՝ ընդամենը 97.2 հազար կամ գրեթե կիսով չափ պակաս։

Հանրապետությունում ցորենի ցանքատարածությունները ամենից շատ Շիրակի մարզում են։ Համլետ Ասատրյանը 20 հեկտարի վրա ցորեն, գարի ու կարտոֆիլ է աճեցնում։ «Ազատությանն» ասաց, որ ներկայիս գներով յուրաքանչյուր հեկտարի վրա ցորեն աճեցնելը մոտ 400 հազար դրամ արժե։ Մեկ հեկտարից առավելագույնը, որ ստացել են, եղել է 5 տոննա բերքը։ Այսօր հանրապետությունում ցորենի կիլոգրամի գինը 170 դրամ է, բայց երբ Ռուսաստանը չեղարկի իր ցորենի արտահանման արգելքը, և ռուսական ցորենը վերստին սկսի հոսել Հայաստան, գինը կիջնի՝ կազմելով 120-130 դրամ, ինչպես նախորդ տարի։

«5 տոննան իրացնելիս առավելագույնը ստանում ես 600 հազար դրամ, ամբողջ տարին սպասում ես, եթե կարկուտ է լինում կամ երաշտ է լինում, կարող ես ոչինչ չստանալ, կամ էլ ինչպես անցած տարի, անցած տարի ստացել ենք 1.5 տոննա բերք, այսինքն բոլոր հողօգտագործողները շահույթ չեն ստացել, անգամ վարկերն են հազիվ կարողանում մարել», - ասաց Ասատրյանը:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի խոսքով, այս տարի ևս մարզում ցորենի ցանքատարածությունները շարունակելու են կրճատվել։

«Կոնկրետ ցորենի մասով, աշնանացան ցորենի մասով կարող ենք նշել, որ շուրջ 2000 հեկտարով նվազում ունենք նախորդ տարվա համեմատությամբ, 2022 թվականի ցանքի տակ իրականացվել է 12 հազար 500 հեկտարի ցանքատարածություն աշնանացան ցորենի», - նշեց Համայակյանը:

2017-2021թթ. գյուղոլորտի միջին ցուցանիշը մինուս 2.9 տոկոս է

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը թվեց, թե կառավարությունը ինչ է անում գյուղոլորտին աջակցելու համար։ Գումարը աստիճանաբար մարելով կամ լիզինգի միջոցով գյուղտեխնիկա ձեռքբերելիս՝ մարվող մայր գումարին նախորդ երկու տարիներին տոկոսադրույք չէր ավելանում, բայց այս տարի՝ գյուղացին վճարելու է հավելյալ երկու տոկոս։

Այս տարվանից մեկնարկել է պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը, քանի որ պարարտանյութի գինն աճեց մինչև երեք անգամ։ 50 կիլոգրամանոց մեկ պարկ գնելիս կառավարությունը փոխհատուցելու է գնի գրեթե կեսը, բայց ոչ ավելին, քան 9 հազար դրամ։ Ներկայում պարկի գինը մոտ 20 հազար է։

Եվ վերջապես, գործադիրում քննարկում են, որ այս տարի ևս սուբսիդավորեն աշնանացան ցորենի սերմնացուի ձեռքբերումը, ինչպես նախորդ տարի։ Դիզվառելիքի սուբսիդավորում կառավարությունը այլևս չի իրականացնում, թեև անցած տարվա այս ժամանակահատվածի համեմատ այն մոտ 2/3-ով թանկացել է։

«Միջին բերքատվությունը, որն այսօր առկա է ցորենի ցանքատարածություններից, որ ստանում են մարդիկ, դա մեզ էլ չի բավարարում, այդ է պատճառը, որ կառավարությունը հանձնառություն առավ ու սուբսիդավորեց բարձրորակ սերմնացուի օգտագործումը», - ասաց փոխնախարարը:

Փաստն այն է, որ չնայած կառավարության այդ ջանքերին, գյուղոլորտը Հայաստանի տնտեսության ամենից թույլ հատվածն է։ Բացառությամբ մեկ տարվա՝ 2017 թվականից ի վեր գյուղատնտեսությունում միայն անկում է. 2017-2021 թվականներին ոլորտի միջին ցուցանիշը մինուս 2.9 տոկոս է։

Հայաստանը ներմուծում է անհրաժեշտ ցորենի ¾-րդը

Հայաստանը ներմուծում է անհրաժեշտ ցորենի մոտ երեք քառորդը։ Վիճակագրական կոմիտեի և Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, անցած տարի երկրում սպառվել է 367 հազար տոննա ցորեն, որից ընդամենը մեկ քառորդը՝ 97 հազար տոննան է տեղում աճեցվել, մնացածը ներմուծվել է Ռուսաստանից։

Ուկրաինա ներխուժելուց շաբաթներ անց Կրեմլը որոշեց մինչև այս հունիսի վերջ դադարեցնել ցորենի արտահանումը։ Միաժամանակ, ցորենի արտահանման վրա արգելք դրեց ԵՏՄ մյուս անդամ Բելառուսը՝ մինչև սեպտեմբերի կեսեր։ Պատերազմի պատճառով գործնականում դադարել է Ուկրաինայից ցորենի արտահանումը, մինչդեռ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության վերջին տվյալների համաձայն, 2020-ին Ռուսաստանը ցորեն արտահանող թիվ մեկ երկիրն էր, Ուկրաինան՝ հինգերորդը։ Երկուսին բաժին էր հասնում համաշխարհային արտահանման 28.4 տոկոսը։

Այս ամենը հանգեցրեց ցորենի միջազգային գների կտրուկ աճի։ Նույն կազմակերպության օրերս հրապարակված զեկույցի համաձայն, այս մայիսին՝ նախորդ տարվա մայիսի համեմատ ցորենի միջազգային գինն աճել է 56.2 տոկոսով։

Բազմաթիվ երկրներում ռուս-ուկրաինական պատերազմից հետո սկսեցին խոսել պարենային անվտանգության խնդիրների մասին։ Հայաստանում այդ մասին բարձրաձայնեցին անգամ կառավարության նիստում. էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի սկզբին կոչ արեց գյուղացիներին՝ «մաքսիմալ շատ մշակել հողերը»։

«Այս տարի բազմաթիվ մարտահրավերները հաշվի առնելով ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր մի կողմից, բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են ու գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ», - նշեց նախարարը:

«Իրավիճակը դառնում է ավելի բարդ»

Թեև Քերոբյանի տեղակալը՝ Արման Խոջոյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե այլ երկրներից ցորենի ներմուծումները Հայաստան շարունակվում են, «սուր խնդիր» չկա և ինքն անձամբ ամեն օր հետևում է ներմուծման տվյալներին, բայց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն մեզ հետ զրույցում խոսեց ցորենի ապահովման առումով բարդացող իրավիճակի մասին։

«Ներկայում Հայաստանը բախվել է դժվարությունների, որովհետև ցորենի ներմուծման առումով կախված է Ռուսաստանից։ Իրավիճակը դառնում է ավելի բարդ։ Մյուս կողմից, շատ կարևոր է հաշվի առնել, որ միջազգային շուկայում բավականաչափ ցորեն կա։ Ուստի, կարևոր է դիվերսիֆիկացնել ցորենի ներմուծումը, եթե հնարավոր չէ այն ներկրել Ռուսաստանից», - ընդգծեց Ռայմունդ Յելեն։

Հայաստանը կարող է բավարարել ցորենի իր պահանջմունքի մոտ 2/3-րդը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աշոտ Ոսկանյանի փոխանցմամբ՝ գյուղոլորտում բազմաքայլ քաղաքականության պարագայում Հայաստանը կարող է ցորենի իր պահանջմունքի մոտ երկու երրորդը ստանալ տեղում՝ սկսելով ցորեն աճեցնող տնտեսությունների միավորումից։

«Տեսեք էլի, մենք իրականացրել ենք սուբսիդավորման կամ փոխհատուցման ծրագրեր, մասնավորապես, աշնանացան ցորենի արտադրության, գարնանացան հացահատիկի արտադրության և փոխհատուցել ենք սերմնացուի արժեքի ինչ-որ մի մասը, սա լավ է ինչ խոսք: Բայց այն գոհացուցիչ արդյունքը մենք չենք ստացել: Ես կարծում եմ, որ այստեղ պիտի մեր քաղաքականությունը ուղղվի ոչ միայն աջակցելուն, այլ նաև հետադարձ կապին, նաև գյուղացիական տնտեսությունները էդ աջակցության դիմաց իրանք էլ պիտի որոշակի պարտավորություններ ունենան», - ասաց Ոսկանյանը:

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, 2020-ին յուրաքանչյուր հայաստանցի տարեկան սպառել է 124.1 կիլոգրամ հաց ու հացամթերք, ինչը աշխարհի մակարդակով միջին ցուցանիշ է համարվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG