Մատչելիության հղումներ

Անգելա Մերկելն արդարացրել է իր վարած քաղաքականությունը Ռուսաստանի հետ


Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ողբերգություն է, մեծ սխալ, որը որևէ արդարացում չունի, ասել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը` պաշտոնը թողնելուց հետո առաջին անգամ հարցազրույց տալով:

«Որպեսզի թյուրըմբռնում չլինի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ասել, որ Ուկրաինայի վրա հարձակումը որևէ արդարացում չունի, անտեսելով միջազգային իրավունքը` այն բիրտ արշավանք է, որն արդարացում չունի, - նշել է նա, - Այն, ինչ տեղի ունեցավ, իմ կարծիքով` ոչ միայն անընդունելի է, այլև մեծ սխալ Ռուսաստանի կողմից»:

Մերկելն ասել է, որ Պուտինի ատելությունն ու թշնամանքն ուղղված են արևմտյան ժողովրդավարության մոդելի դեմ, նա ցանկանում է ոչնչացնել Եվրամիությունը, որովհետև հանձինս նրա` տեսնում է առաջին աստիճանը դեպի ՆԱՏՕ: Նախկին կանցլերը նշել է, որ Եվրոպային այդպես էլ չի հաջողվել անվտանգային ճարտարապետություն ստեղծել, ինչը կարող էր կանխել Ռուսաստանի ներխուժումը: Նրա խոսքով` չի հաջողվել իրականում վերջ տալ սառը պատերազմին:

Մերկելի իշխանության 16 տարիները բնորոշ էին ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ հաստատելու քայլերով: Նրա իշխանության ժամանակ էր, որ ձևավորվեց «Նորմանդական քառյակը»` Ուկրաինայի արևելքի հակամարտությունը բանակցային եղանակով լուծելու նպատակով: Նրա իշխանության ժամանակ մեկնարկեց «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը, իսկ 2008-ին նա դեմ էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի արագ անդամակցությանը:

Երեկվա հարցազրույցում նա արդարացել է Ռուսաստանի հետ նախկինում վարած քաղաքականությունը` ասելով, որ շատ է փորձել թույլ չտալ, որ Ուկրաինայում իրավիճակը վերածվի լայնածավալ հակամարտության, ցավում է, որ Ֆրանսիայի հետ դիվանագիտական ջանքերը, Մինսկի համաձայնությունները հաջողություն չունեցան, բայց իրեն մեղավոր չի համարում. «Դիվանագիտությունը չի կարող ոչ ճիշտ համարվել միայն այն պատճառով, որ հաջողության չի հասել, ուստի ես չեմ հասկանում` ինչու ես պետք է այն սխալ համարեմ: Ես ներողություն չեմ խնդրի դրա համար»:

Այնուհանդերձ, Մերկելն ընդունել է, որ 2014-ին Ղրիմի բռնազավթմանը պետք էր ավելի կոշտ արձագանքել: «Ռազմական զսպումը միակ լեզուն է, որը նա հասկանում է», - Պուտինի մասին ասել է Գերմանիայի նախկին կանցլերը:

Պուտինին բնորոշելու համար նա մի դրվագ է պատմել, երբ իրենց հանդիպման ժամանակ շուն են ներս թողել սենյակ, երբ ՌԴ նախագահը շատ լավ գիտեր, որ ինքը շներից վախենում է:

«Նորմանդական քառյակը»` Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Ռուսաստանը 2014-2015թթ. փորձում էր բանակցային եղանակով կարգավորել Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների հետ հակամարտությունը, բայց կողմերը մեղադրում էին միմյանց Մինսկի համաձայնությունները չկատարելու մեջ, և չհաջողվեց դիվանագիտական ճանապարհով կարգավորել հակամարտությունը:

Անդրադարձ է եղել նաև ՆԱՏՕ-ի 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովին, երբ ՆԱՏՕ-ն հայտնեց, թե Ուկրաինան ու Վրաստանը երբևէ կարող են անդամակցել դաշինքին, բայց Գերմանիայի ու Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով այդ երկրներին անդամակցության պլան չտրամադրվեց: Մերկելն ասել է, թե իր գնահատականը շատ հստակ էր։ Եթե այն ժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլան տրամադրվեր, ապա Պուտինի տեսակետից դա կլիներ պատերազմ հայտարարել, ուստի ինքը ջանացել է կանխել լարվածության աճը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինան 2008-ին պատրաստ չէր անդամակցել հյուսիսատլանտյան դաշինքին, քաղաքականապես պառակտված էր Յանուկովիչի ու Յուշչենկոյի միջև. «Ուկրաինան այն երկիրը չէր, ինչ հիմա է»:

Անցած ապրիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել էր Անգելա Մերկելին` մեղադրելով նրան սխալ հաշվարկների մեջ, որի պատճառով Ռուսաստանը վստահություն էր ձեռք բերել, թե Ուկրաինան կմնա իր ազդեցության գոտում:

Նրան հարցրել են նաև երկու երկրների միջև միջնորդի դեր ստանձնելու հնարավորության մասին: Նախկին կանցլերն ասել է, թե չի կարծում, որ ներկա պահին այն օգուտ կբերի` հավելելով, թե իր պատկերացմամբ` չպետք է զբաղվել այնպիսի հարցերով, որոնց մասին կառավարությունը չի խնդրել:

Պաշտոնաթող 67-ամյա Մերկելն ասել է, թե անձնական կյանքում ամեն ինչ լավ է, ժամանակի մեծ մասն անցկացնում է Բալթիկ ծովում, կարդում է, աուդիոգրքեր լսում, բայց չի կարողացել ամբողջովին մոռանալ քաղաքականությունը, երբեմն իրեն ճնշված է զգում լուրերի, այդ թվում` Ուկրաինայի ճգնաժամի մասին լուրերի տպավորություններից:

«Պաշտոնաթողությունից հետո ես այլ կերպ էի պատկերացնում իմ կյանքը», - խոստովանել է նա:

Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերն էր 16 տարի` 2005-ից 2021 թվականներին:

XS
SM
MD
LG