Թանկարժեք սպասք, երկուսուկես մետրանոց փայտե ժամացույց, սափորներ, մոմակալներ, անգամ թմրանյութ․ երկու տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի օրերին, այս իրերը վանաձորցի Արթուր Խառատյանն էր Գերմանիայից Լոռի ուղարկել որպես մարդասիրական օգնություն։ Մաքսավորները խնդիր չէին տեսել, և թույլ էին տվել, որ երկուս ու կես տոննա կշռող բեռը տեղ հասնի արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսատուրքի։
Այդ օրերին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, սակայն, աղմուկ էր բարձրացրել, ու պնդել, թե հումանիտար այդ օգնության մեջ չհայտարարագրված թմրանյութ ու թանկարժեք իրեր կան. - «Սա վատ նախադեպ է, երբ հումանիտար բեռի անվան տակ ինչ-ինչ շահադիտական նպատակներով բաշխման հնարավորություն չունենալով փորձում են խուսափել Գերմանիայի հայերին տված խոստումների պատասխանատվությունից։ Հայաստանյան արդարադատությունից, սակայն, խուսափել չի կարող, թույլ չենք տա։ Լոռու մարզպետի անունից գրություն է ուղարկվել Ոստիկանության Լոռու մարզային վարչություն»։
Քննիչները եկել էին, արձանագրել, որ մաքսակետում կազմված ցուցակն ու տեղ հասած բեռները իրար չեն համապատասխանում։ Կապարակնքել էին մարզպետարանի նկուղն ու քննություն սկսել՝ պարզելու, թե ինչու և ինչպես են մաքսավորների աչքից վրիպել, օրինակ, ավտոմեքենաների լվացման կետերի համար նախատեսված սարքերը, թանկարժեք սպասքը, փայտյա մեծաքանակ հուշանվերները, նախորդ դարի թվագրությամբ արծաթի նմանվող գդալներն ու արժեքավոր մյուս իրերը, որոնք որևէ կերպ չէին կարող դիտարկվել որպես մարդասիրական օգնություն կամ առաջին անհրաժեշտության ապրանք։
Այսօր էլ Ֆեյսբուքում պահպանվում են լուսանկարներ, որոնցից երևում է, որ Բավրայի մաքսակետում մեծաթիվ ապրանքներ պարզապես չեն հայտարարագրվել։ Լուսանկարները նախկին մարզպետն էր արել, ով մինչև այսօր պնդում է՝ ներկրողը մարդասիրական օգնության անվան տակ ոչ միայն թմրանյութ է ներմուծել, այլև, որպես բարեգործ, ազատվել մաքսատուրքերից այն դեպքում, երբ երկուս ու կես տոննայանոց բեռի ընդամենը 20-30 տոկոսը կարելի էր համարել օգնություն կարիքավորների համար։
«Ասեց, որ բեռի մեծ մասը խնդրում եմ ինձ տրամադրեք, որպեսզի ես բաժանեմ։ Որ բեռը հումանիտար չէր, արդեն կասկածելի էր։ Մենք առաջարկել ենք հետևյալ տարբերակը՝ որ ինքը մեզ տրամադրի ցուցակներ, ում որ ինքը ուզում է բաժանել բեռը։ Բայց ինքը որևէ ցուցակ չի ներկայացրել, և հետևաբար բեռը մնացել էր մարզպետարանում», - ասում է Ղուկասյանը։
Ներկրողներն էլ հակադարձել էին, թե մարզի ղեկավարը փորձում է օգնությունն իրենով անել։ Այս փոխադարձ մեղադրանքներից շաբաթներ անց Անդրեյ Ղուկասայանը հրաժարական տվեց՝ թեև պնդեց, որ իր պաշտոնանկությունը կապված չէր այս աղմուկի հետ։
Մեկուկես տարի է այցել, բայց քննիչները մինչև այսօր չեն քննել, թե արդյոք պատերազմից տուժածների օգնության անվան տակ առանց մաքսատուրքի ապրանք էր ներկրվել։ Քրեական գործ են հարուցել միայն հումանիտար օգնության մեջ հայտնաբերված 4,5 գրամ թմրանյութի ու մոտ 5 գրամ հոգեմետ դեղերի փաստով։
Փորձաքննության եզրակացությունն, ըստ դատախազության, եղել է դեռ 2020-ի վերջին, բայց մինչ այսօր գործը դատարան չի հասել։ Նախաքննությունը շարունակվում է։
Թե ի՞նչն են դեռ քննում դատախազությունում, հայտնի չէ. «Ազատության» հարցմանը հրաժարվեցին մանրամասներ հայտնել։ Իրավապահները չեն բացահայտում նաև, թե ով և ինչպես է տնօրինել մարզպետարանի նկուղում արգելափակված թանկարժեք իրերը։ «Ազատությունը» երկու անգամ գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու դրանց ճակատագիրը, պատասխանել են սեղմ՝ հնարավոր տեղեկատվությունն արդեն տրամադրել ենք։
«Տվյալ մարդը ակնհայտ ուզեցել է, շրջանցելով մաքսային ծառայություններին, այսինքն՝ մաքսատուրք չվճարելով, էդ բեռները մտցնել Հայաստան և տնօրինել ինքը անձամբ», - պնդում է նախկին մարզպետը։
Դեպքից մեկուկես տարի անց նկուղի դռան վրա այլևս կապարակնիք չկա։ Գործող մարզպետ Արամ Խաչատրյանն էլ ասում է՝ փակ դռան ետևում օգտագործված հագուստ է եղել, բաժանել են կարիքավորներին. - «Դա հանձնվել ա մեզ, մենք բաժանել ենք։ Ես հատիկ-հատիկ չգիտեմ ինչ ա էղել, բայց գործը կարճվել ա»։
Ներկրողի՝ Արթուր Խառատյանի հետ հնարավոր չեղավ կապ հաստատել։ Վանաձորի իր տան հարևաններն ասացին՝ Գերմանիայում է ապրում։ Արդյո՞ք հեռացել է, եթե այո՝ ինչպե՞ս է, որ քրեական գործը չի խանգարել։ Չհաջողվեց ճշտել։
Աղմկահարույց այս պատմությունից ավելի քան երկու տարի անց գլխավոր հարցերի պատասխանները չկան, հայտնի չէ՝ երբ և ինչ հիմքով են իրավապահները որոշել բացել մարզպետարանի կապարակնքված նկուղը, որքան և ինչ արժեքի ապրանքներ են եղել փակի տակ, ու բացվելուց հետո ուր են գնացել դրանք։
Մարզպետ Խաչատրյանը, որ միայն օգտագործած հագուստն է հիշատակում, նախ համաձայնեց ցուցակ տրամադրել «Ազատությանը», հետո հրաժարվեց, թե՝ գրավոր դիմեք, կպատասխանենք։
Դիմել ենք, սպասում ենք պատասխանի։