Մատչելիության հղումներ

Լարվածություն Ղըրղզստանի և Տաջիկստանի սահմանին. հաղորդվում է փոխհրաձգության հետևանքով վիրավորների մասին


Բատկեն, Ղըրղզստան
Բատկեն, Ղըրղզստան

Լարվածության նոր ալիք Ղըրղզստանի և Տաջիկստանի սահմանին՝ հաղորդվել է ժամեր տևած փոխհրաձգության մասին, որի հետևանքով կան վիրավորներ։

Ղըրղզստանի սահմանապահ ծառայության հայտարարության համաձայն` առաջինը կրակ են բացել տաջիկ սահմանապահները, այդ թվում՝ ականանետերից, որին հաջորդել է պատասխան կրակ ղըրղզական կողմից։ Սա, հիշեցնենք, վերջին երկու ամսվա ընթացքում հարևան երկրների սահմանին տեղի ունեցած երկրորդ զինված միջադեպն է։ Անցած ապրիլին էլ ղըրղզական կողմից վեց սահմանապահ է վիրավորվել, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։

«Անտեսելով տարածքը լքելու Ղըրղզստանի Հանրապետության սահմանապահների օրինական պահանջները՝ տաջիկ սահմանապահները կրակ են բացել ղըրղզ զինվորականների վրա։ Երկու երկրների սահմանապահ ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ տաջիկական կողմը կիրառել է ականանետեր», - ասվում է Ղըրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրությունում։

Ղըրղզական կողմը հայտնում է զինվորականների շրջանում երկու վիրավորի մասին, նրանցից մեկի վիճակն, ինչպես հաղորդվում է, ծանր է։ Պաշտոնական Բիշկեքը պնդում է, որ տաջիկական կողմում ևս կան վիրավորներ, սակայն ո՛չ այս, ո՛չ էլ հարևան երկրի հետ սահմանի խնդրահարույց հատվածում տեղի ունեցած փոխհրաձգությունը Տաջիկստանի պաշտոնական մարմինները մինչ այս պահը չեն մեկնաբանել։ Ղըրղզստանի սահմանապահ ծառայությունը նաև հաղորդել էր որ տաջիկական կողմը ծանր զինտեխնիկա է տեղափոխում դեպի սահմանագիծ։ Այս տեղեկությունը ևս Դուշանբեից չեն մեկնաբանել։

Փոխհրաձգությունից մի քանի ժամ անց պաշտոնական Բիշքեկը հայտարարեց, որ երկու երկրների միջև բանակցություններ են տեղի ունեցել, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են հետ քաշել լրացուցիչ ուժերն ու ռազմական տեխնիկան սահմաններից, ինչպես նաև ապամոնտաժել ինժեներական կառույցները և արգելել սահմանապահ զորքերի գործուղումը գերիշխող բարձունքներ։ Հարևան երկրներին բաժանում է 970 կիլոմետրանոց սահման, որի գրեթե կեսը սահմանազատված չէ։ Վիճահարույց են մնում Ղըրղզստանի Բատկենի և Տաջիկստանի Սուղդի շրջանների միջև ընկած հատվածները։ Պայմանական գիծը հաճախ անցնում է ճանապարհի վրայով կամ բնակելի շրջաններով, ինչի պատճառով էլ տեղացիները խնդիրների են բախվում ջրի, արոտավայրերի, ճանապարհների հասանելիության հարցերում։

Այս անորոշությունը հաճախ զինված բախումներ է հարուցում երկու երկրների բնակիչների միջև՝ հանգեցնելով մարդկային զոհերի։ Անցած տարվա ապրիլին արյունալի ընդհարումների պատճառ էր դարձել ջրատարի շուրջ տեղացիների միջև ծագած վեճը, որը հանգեցրել է փոխհրաձգության երկու երկրների սահմանապահների մասնակցությամբ, ինչի հետևանքով ղըրղզական կողմից վիրավորվել է 154 մարդ, զոհվել՝ 36-ը, այդ թվում՝ երկու երեխա։ Տաջիկստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են 19 զոհի և 87 վիրավորի մասին։

Ժամեր շարունակված զինված բախումներից և զուգահեռ անցկացված բանակցություններից հետո ի վերջո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները հայտարարեցին հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին՝ խոստանալով ետ քաշել զորքը և խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Վերջին մեկ տարում կողմերը պարբերաբար հայտարարել են սահմանագծման աշխատանքներում որոշակի առաջընթացի մասին, սակայն դեռևս 2002 թվականին մեկնարկած այդ գործընթացի շրջանակներում կողմերին հաջողվել է հստակեցնել ընդհանուր սահմանի մոտ 60 տոկոսը։

XS
SM
MD
LG